ՀՀ–ում որոշել են կարգավորել կրիպտոարժույթի ոլորտը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունել է օրինագիծ, որն ուղղված է կիբերհանցագործության դեմ պայքարին, ինչպես նաև կրիպտոարժույթի ոլորտի մասնակի կարգավորմանը։
«Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես, առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից», – ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ կա ավելի քան 100 տելեգրամյան ալիք, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Փոխնախարարը նշել է՝ 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում, քանի որ ոլորտը կարգավորված չէ:
ԿԲ–ի նախաձեռնության մասին
ՀՀ ԿԲ–ն նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման և վերահսկման արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, արդյունավետ կառավարման համար ԿԲ–ն որպես հիմք կընդունի «նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը» սկզբունքը, որի համաձայն՝ վիրտուալ ակտիվների ոլորտի ծառայությունների մատակարարները պետք է կարգավորվեն այնպես, ինչպես ավանդական ֆինանսական գործունեությունը։
Կարգավորումը թույլ կտա համարժեք արձագանքել առկա և հնարավոր ռիսկերին վիրտուալ ակտիվների ոլորտում՝ միաժամանակ ստեղծելով հստակ իրավական դաշտ այդ հատվածում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար։
Կարգավորչի այս նախաձեռնությունը 2024թ․–ին անցնելու է քննարկման փուլերի ոլորտի, կառավարության և խորհրդարանի հետ։