«ԵՄ – Հայաստան» ՓՄՁ Հիմնադրամը 5,5մլն դոլար է ներդրել HoReCa ոլորտում գործող ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «ԵՄ – Հայաստան» ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 5.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունում։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, ներդրումները կուղղվեն ընկերության ընդլայնման ծրագրերին, ինչպես նաև կօգնեն բարելավել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման պրակտիկաները՝ ստեղծելով երկրում նոր աշխատատեղեր։ Ներդրումների հիմնական մասը կուղղվի ընկերության պահեստավորման և լոգիստիկ հնարավորությունների արդիականացմանը։
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2005 թվականին, իր դուստր ընկերությունների հետ Հայաստանի ՀոՌեԿա (հյուրանոցների, ռեստորանների, սրճանների ոլորտի հետ կապված բիզնես, խմբ․) և սննդի ծառայությունների ոլորտի վստահելի գործընկերն է։
Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարևորել է Հայաստանում պահեստավորման և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը՝ նշելով, որ ֆինանսավորումը կնպաստի բարձր չափանիշ սահմանմանը Հայաստանում սննդի և խմիչքի մատակարարման ոլորտում՝ ապահովելով արդյունավետություն, անվտանգություն և հուսալիություն։
Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոց: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։
Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով տասներեքերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։