Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

12.02.2024, 17:25
Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Մատենադարանը 3D սքանավորման սարք է նվեր ստացել բարերար Վահե Բադալյանից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Օրերս Մատենադարանի թանգարանում կայացել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը․ նշվում է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Սարքի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

3D սքանավորման սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է ընձեռում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։

Soft

«Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը», - ասել է բարերար, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը։

Soft

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, շնորհակալություն հայտնելով բարերար Վահե Բադալյանին և շնորհավորելով գործընկերներին, կարևորել է Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման շարունակականությունը։

«Մեր բարերարի աջակցությամբ շարունակում ենք Մատենադարանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։ Թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման մի սարք, որը մեր իրականության մեջ թանգարանային հատվածում, աննախադեպ է», - նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Շնորհանդեսին ձեռագիր մատյանների կազմարարության պատմությանն է անդրադարձել Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը: Սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Սա  Մատենադարանի և մասնավոր հատվածի համագործակցության խորացման արտահայտություն է։–0–