Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ վարչապետն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

14.04.2012, 16:34
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:

Այժմ կենտրոնում զարգանում է ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը: Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է շուրջ 1950 լազերային վիրահատություն: Ներկայումս բաժանմունքը այդ տեսակի վիրահատությունների առաջատարն է հանրապետությունում:

1992թ.-ից հիվանդանոցը հայ-ամերիկյան «Eye Project» ծրագրի հիմնական գործընկերն է: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով և ստեղծվել է շարժական հիվանդանոց, որը ողջ տարվա ընթացքում շրջում է հանրապետության մարզերով և կատարում ախտորոշումներ և վիրահատություններ սոցիալապես անապահով բնակչության համար: Այս տարիների ընթացքում կատարվել են 50 հազարից ավելի հետազոտություններ, 10 հազար վիրահատություն, 4 հազար լազերային վիրահատություն:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն Աչքի հանրապետական հիվանդանոցի իրավահաջորդն է և ստեղծվել է 1978թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության տրախոմատոզ-գլաուկամատոզ դիսպանսերի հիման վրա:
Այժմ հիվանդանոցը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական և Հայբուսակ համալսարանների ուսումնական բազան է: -0-