Փաշինյանը մտադիր է աշխատաժողով կազմակերպել ու հրավիրում է գործարարներին՝ քննարկելու գործարար համայնքին հուզող հարզերը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մտադիր է աշխատաժողով կազմակերպել ու հրավիրում է մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ և ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով։
«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Նա հայտնել է, որ առաջիկայում մտադիր է մի նման աշխատաժողով կազմակերպել:
«Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ և ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով: Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչև փետրվարի 28-ը՝ workshop2025@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաև առկա խնդիրներին վերաբերող մինչև 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա և տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով», – նշել է նա։