Երևանում կանցկացվի ՎԶԵԲ–ի նախագահի ընտրությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 14–15–ը ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։ Այս մասին հայտնեցին բանկի հայկական գրասենյակից։
««Համատեղ ապահովում ենք նվաճում» խորագիրը կրող ՎԶԵԲ-ի հեղինակավոր միջոցառումը կմիավորի մեծ թվով միջազգային այցելուների, ոլորտային մասնագետների, խոշոր գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և ՎԶԵԲ-ի ղեկավարությանը։ Սա յուրօրինակ հնարավորություն կընձեռի Հայաստանին՝ իր մրցակցային առավելությունները ներկայացնելու քաղաքականության որոշում կայացնողների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային լրատվամիջոցների լսարանի ընտրանուն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 14-ին՝ երեքշաբթի օրը, յուրօրինակ միջոցառում կանցկացվի «Թումո» կենտրոնում՝ ներկայացնելով կենտրոնի ուսանողների կողմից մշակված նորարարական ծրագրերը։
Հայաստանում ներդրումների կանխատեսումներին նվիրված նստաշրջանը տեղի կունենա մայիսի 15-ին՝ չորեքշաբթի օրը։
Միջոցառումը կներառի նաև առանձին երկրներին և տարածաշրջանին նվիրված շատ այլ նստաշրջաններ՝ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների երկրների բարգավաճմանն աջակցելուն նվիրված քննարկումներով։ Պանելային քննարկումների շրջանակներում կքննարկվեն մակրոտնտեսական իրավիճակը, ֆինանսների հասանելիության բարելավման, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների, կայուն ենթակառուցվածքների, տնտեսական ներառականության և թվայնացման և տեխնոլոգիաների հետ կապված հարցերը։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթությունները ներառում են ընկերությունների մրցունակության բարելավումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման արտադրանքների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում 207 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։