Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ նախագահը ծանոթացել է հայ–հոլանդական համատեղ «Բիգա» ձեռնարկության ջերմոցային տնտեսության գործունեությանը

22.10.2013, 16:41
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ակունք համայնքի մոտ գտնվող «Բիգա» հայ–հոլանդական համատեղ ձեռնարկության ջերմոցային տնտեսություն։
ՀՀ նախագահը ծանոթացել է հայ–հոլանդական համատեղ «Բիգա» ձեռնարկության ջերմոցային տնտեսության գործունեությանը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ակունք համայնքի մոտ գտնվող «Բիգա» հայ–հոլանդական համատեղ ձեռնարկության ջերմոցային տնտեսություն։

10 հեկտար մակերես ունեցող տարածքում աճեցվում են ելակի, ազնվամորու և մոշի հատընտիր տեսակներ, որոնց հիմնական մասն արտահանվում է Դուբայ և Ռուսաստան։ Բացի այդ, այդ տարածքում իրականացվում է օդափոխության համակարգով ջերմոցների գործարկման փորձնական նախագիծը, որի հաջող գործարկման դեպքում կկազմակերպվի զանգվածային արտադրություն և գյուղացիների կողմից դրանց օգտագործում։

«Մեր ջերմոցների հիմնական տարբերությունն այն է, որ օդափոխման համակարգի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել նաև տարվա շոգ եղանակին, ինչը խնդիր է Հայաստանի համար», – «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության համասեփականատեր Սամվել Պետրոսյանը` հավելելով, որ 1 քառակուսի մետր ջերմոցի վարձակալությունն արժե 100 դոլար։

Ընկերության մեկ այլ համասեփականատեր Րաֆֆի Եգանյանը նշեց, որ հատապտուղներ աճեցնելիս պարարտանյութ գրեթե չի օգտագործվում, իսկ օգտագործված միջոցները ներկրվում են Եվրոպայից։

«Վնասատուների դեմ պայքարում մենք օգտագործում ենք բացառապես կենսաբանական նյութեր, որոնք ավելի թանկ են քիմիականից», – նշել է նա։

«Բիգա» ընկերությունը հիմնադրվել է 2005 թ.–ին և ճանաչում է ձեռք բերել էկոլոգիապես մաքուր շամպինիոնների արտադրությամբ։ 2010 թ.–ին այն վարձակալել է 10 հա հողատարածք Կոտայքի մարզում, որտեղ տնկել է ազնվամորու 16 հազար տնկի, մոշի 4 հազար տնկի և ելակի 350 հազար թուփ։

Այս պահին  աշխատանքներ են տարվում 6 հա հողատարածքում խաղողի այգի տնկելու ուղղությամբ` արտահանման նպատակով։ Ներդրումային ծրագիրը կազմել է 3,5 մլն դոլար։ Ձեռնարկությունն ունի ավելի քան 70 աշխատակից, ովքեր Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներն են: –0–