Ամերիաբանկը ՎԶԵԲ–ի հետ համատեղ ծրագրերի շրջանակում 2010 թ.–ից տրամադրել է 150 մլն դոլարի վարկ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 2010 թ.–ից սկսել է համագործակցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ և մինչ օրս համատեղ ծրագրերի շրջանակում տրամադրել է 150 մլն դոլարի վարկ, երեքշաբթի ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի ժամանակ։
Նրա խոսքով, այս միջոցների մեկ երրորդն ուղղվել է փոքր և միջին բիզնեսի ոլորտի ֆինանսավորմանը։
«Այս տարի մենք ՎԶԵԲ–ից ներգրավել ենք 10 մլն դոլարի վարկային միջոց հիմնականում «Գործարար կանայք» ծրագրով և այս պահին արդեն ակտիվորեն իրականացնում ենք վարկավորում այս նախագծի շրջանակում», – ասաց Բարսեղյանը։
Նա նաև նշեց, որ բացի այդ ծրագրից, Ամերիաբանկի պորտֆելում զգալի տեսակարար կշիռը բաժին է ընկնում գործարար կանանց վարկավորմանը։
Այս պահին, նրա խոսքով, բանկի պորտֆելում տրամադրված վարկերի շուրջ 13 մլրդ դրամը բաժին է ընկնում գործարար կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին, որից շուրջ 6 մլրդ դրամը տրամադրվել է ՓՄՁ–ի զարգացմանը։
«Խորհրդանշական է, որ բացի վարկավորումից գործարար կանայք օգտագործում են նաև վարկավորման համար նախատեսված այլ ֆինանսական գործիքներ, այդ թվում` ֆակտորինգ, երաշխավորություն և բանկային այլ գործիքներ», – ասաց Բարսեղյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ և ակցիա, համաձայն որի գործարար կանանց տրամադրվում են վարկավորման բավականին արտոնյալ պայմաններ, հիմնականում, ունեցվածքի գրավի դիմաց։ Այսպիսով, բանկը կարող է տրամադրել ֆինանսավորում գրավով դրված ունեցվածքի ողջ ծավալով, ինչը լուրջ արտոնություն է գործարար կանանց խթանելու համար։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:
«Գործարար կանայք» ծրագիրը երեքշաբթի մեկնարկել է Երևանում։ Ծրագիրը «Արևելյան գործընկերության» երկրներում ֆինանսավորում է ՎԶԵԲ–ը, ԵՄ–ն, Շվեդիան և ևՎաղ անցումային երկրների հիմնադրամը։ Ընդհանուր միջոցներից հայկական բանկերին արդեն տրամադրվել է 16 մլն եվրո գործարար կանանց վարկավորման նպատակով ($1 – 486,82 դրամ)։ -0-