«Հայփոստը» Ֆրանկֆուրտի բեռնային հանգույցով գործարկում է Հայաստանում փոխադրման աննախադեպ ծառայություններ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոտ» ՓԲԸ-ն հոկտեմբերի 1-ից սկսում է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ Հայաստանի համար աննախադեպ փոխադրումներ:
Նոր ծառայությունը իրականացվելու է Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ շաբաթական փոխադրումների միջոցով:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով, «Հայփոստը», լինելով փոստային օպերատոր, նմանատիպ ծառայությունների կարիք ունի` հաշվի առնելով ավիաընկերությունների ծաբնրաբեռնվածությունը:
«Մենք պարավոր ենք առաքել փոստը: Բացի այդ, հայկական շուկան դեպի Եվրոպա շաբաթական երթուղիների կարիք ունի: Մենք շուկային չենք սպասեցնի», - ասել է Գեչիջյանը:
Ընկերությունում վստահ են, որ այս նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը: Միաժամանակ, նոր ծառայությունը կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:
«Փոխադրումները կիրականացվեն Ֆրանկֆուրտ, քանի որ այս քաղաքում է գտնվում Եվրոպայի խոշորագույն բեռնային հանգույցը», - ասել ` Գեչիջյանը:
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը կարծում է, որ ընկերության նոր նախաձեռնությունը ծառայություններն ավելի մատչելի կդարձնի: «Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա: Ամեն ինչ կախված է «Հայփոստի» ղեկավարությունից և բեռնափոխադրումների ծավալներից», - ասել է նախարարը:
Նոր ծառայության մատուցման նպատակով` «Հայփոստը» ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա` 6x4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողունակությունը` 27 տոննա:
Հավելյալ բաքերի շնորհիվ` մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:
Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:
Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ` սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին` ապահովելով ներկայում ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ:
Նշված բեռնատարների հետ մեկտեղ` «Հայփոստի» շարժակազմը համալրվել է 12 լիովին նոր Renault Dokker ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Մեքենաները էկոլոգիապես անվտանգ են և լիցքավորվում են սեղմված բնական գազով` նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:
Նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Ընդհանուր առմամբ, վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենք» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 նոր մեքենայով: Դրանց տարեկան ընդհանուր վազքը կազմում է 3 մլն 500 հազար կիլոմետր` ապահովելով կապը Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հետ:
Ընկերությունը վերանորոգել և արդիականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ողջ տարածքում: Առցանց կապով առ այսօր ապահովվել է 700 բաժանմունք, որի արդյունքում «Հայփոստն» ունի Հայաստանում խոշորագույն օնլայն ցանցը: -0-