Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում անցկացվում է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը

26.10.2016, 13:22
Հայաստանում հոկտեմբերի 26-28-ը կանցկացվի Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը (CIBJO):
Երևանում անցկացվում է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հոկտեմբերի 26-28-ը կանցկացվի Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովը (CIBJO):

«CIBJO համաժողովի անցկացումը Հայաստանում շատ կարևոր է: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ՝ ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ», - ասել է ՀՀ նախագահ Սերծ Սարգսյանը չորեքշաբթի համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովին մասնակցում են 25 երկրից ժամանած 84 պատվիրակներ:

Նրա խոսքով, Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում. այդ ճյուղը հայտարարվել է երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը:

«Խորհրդանշական է նաև, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, որ նշվում է «Ոսկերչի ազգային օրը»: Երևանում կա Ոսկերիչների անունով փողոց և այն բերում է այստեղ՝ «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի: Արտադրական համալիր լինելուց բացի` «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անգամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը», - ասել է Սարգսյանը:

Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:

CIBJO-ն ստեղծվել է 1926թ.-ին Փարիզում և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:CIBJO–ն մշակել է ոսկերչական ոլորտում ունիվերսալ չափանիշների և տերմինաբանության սեփական համակարգը` այսպես կոչված «Կապույտ գիրքը» (CIBJO Blue Book)։ 2006թ.–ին CIBJO–ն դարձել է միակ կազմակերպությունը, որը ստացել է ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական խորհրդի` համաշխարհային ոսկերչական ոլորտի զարգացման հարցերով խորհրդատուի պաշտոնական կարգավիճակը։ 2013թ.–ին CIBJO–ի կոնգրեսն անցկացվել է Թել Ավիվում, 2014թ.–ին` Մոսկվայում, իսկ 2015թ.–ին` Բրազիլիայում։ –0–