Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ինեկոբանկը և blue Orchard Microfinance Fund-ը կնքեցին 15 մլն ամն դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

27.02.2019, 15:42
2019 թվականի փետրվարի 7-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և Blue Orchard Microfinance Fund միջազգային ֆինանսական կազմակերպությունը կնքեցին 7 տարի մարման ժամկետով, 15 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության ներգրավման պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինեկոբանկը և blue Orchard Microfinance Fund-ը կնքեցին 15 մլն ամն դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2019 թվականի փետրվարի 7-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և Blue Orchard Microfinance Fund միջազգային ֆինանսական կազմակերպությունը կնքեցին 7 տարի մարման ժամկետով, 15 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության ներգրավման պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ինեկոբանկը, հանդիսանալով օտարերկրյա ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավման գծով ՀՀ բանկային համակարգում առաջատար բանկերից մեկը, այսօր  ունի ֆինանսավորման աղբյուրների բարձր դիվերսիֆիկացիա՝ թե պարտավորությունների և թե բաժնետիրական կապիտալի մասով», - նշեց Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկում, ներգրավված միջոցներն ուղվելու են բանկի ընդհանուր գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաև նպաստելու են բանկի վարկային պորտֆելի աճին՝ մասնավորապես շեշտադրելով հաճախորդների ՓՄՁ սեգմենտը։

«Ինեկոբանկը բարձր է գնահատում իր շարունակական համագործակցությունը Blue Orchard Microfinance Fund կազմակերպության հետ, որն առաջին անգամ է Հայաստանում տրամադրում ստորադաս փոխառություն։ Օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ այսպիսի երկար և արդյունավետ համագործակցությունը վկայում է Բանկի նկատմամբ վերջիններիս ունեցած բարձր վստահության մասին, որը ձեռք է բերվել Բանկի կողմից տարեցտարի ցուցադրած գերազանց ֆինանսական արդյունքների և Բանկում կիրառվող կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձի շնորհիվ», - հավելել է պարոն Դավթյանը։

Ստորադաս փոխառությունն առավել ճկուն գործիք է, որը հնարավորություն է տալիս բարելավել Բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարումը՝ առավելապես բարձրացնելով կապիտալի կառավարման արդյունավետությունը։ Այս ստորադաս փոխառության ներգրավմամբ Բանկի նորմատիվային կապիտալը կկազմի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կբարելավի կապիտալիզացիայի գծով Ինեկոբանկի դիրքը շուկայում՝ նրան դասելով ՀՀ բանկային համակարգի ամենակապիտալիզացված բանկերի շարքին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիրբանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

·         2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։

·         012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

·         2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

·         2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

·         2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: