Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ոսկերչական ոլորտում ԱԱԳ–ի ստեղծումը կնպաստի Հայաստանում այդ ճյուղի զարգացմանը. CIBJO ղեկավար

29.10.2013, 16:37
Հայաստանում ոսկե զարդերի արտադրության համար Ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի երկրում այդ ճյուղի ավելի շատ զարգացմանը, երեքշաբթի հայտարարել է Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին։

Ոսկերչական ոլորտում ԱԱԳ–ի ստեղծումը կնպաստի Հայաստանում այդ ճյուղի զարգացմանը. CIBJO ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկե զարդերի արտադրության համար Ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի երկրում այդ ճյուղի ավելի շատ զարգացմանը, երեքշաբթի հայտարարել է Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին։

Ոսկե զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտին Հայաստանում հավանաբար կգործի 2014թ.–ի գարնանից։

«Կարծում եմ, որ հանրապետությունում ԱԱԳ–ի ստեղծումը մեծ հաջողություն կունենա։ Մենք բոլորս պետք է փորձենք հասնել նրան, որ Հայաստանն ավելի կարևոր տեղ զբաղեցնի ոսկերչական ոլորտում համաշխարհային մասշտաբներով», – ասել է Կավալիերին «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» համաժողովի ժամանակ։

Համաժողովը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28–30–ն անցկացվող «Yerevan Show-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում։

Ինչպես նշել է հայ ձեռներեց, AJA-East Coast ստորաբաժանման ղեկավար Հակոբ Բաղդադլյանը, Հայաստանը ոսկերչական վարպետության ոլորտում կարող է աշխարհի զարգացած երկրների հետ միևնույն շարքում գտնվել։

«Մենք հավատում ենք, որ ԱԱԳ–ի շնորհիվ Հայաստանը կարող է ոսկերչական գործի կենտրոն դառնալ այնպիսի երկրների նման, ինչպիսիք Իտալիան և Ֆրանսիան են», – ասել է գործարարը։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշել է, որ ԱԱԳ–ի ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ կբացի երկրում ոսկերչական գործի բարգավաճման համար։

«ՀՀ կառավարությունը նպաստում է երկրում ոսկերչական ոլորտի զարգացմանը և ողջունում է ԱԱԳ–ի ստեղծման գաղափարը։ Երևանում ոսկերչական ցուցահանդեսի մասնակիցների մեծ թիվը վկայում է Հայաստանի ոսկերչական գործում որոշակի ձեռքբերումների մասին», – ասել է փոխնախարարը։

Համաժողովի ընթացքում AJA նախագահ Գագիկ Գևորգյանը հիշեցրել է, որ AJA–ն արդեն ձեռք է բերել տարածք, որտեղ գործելու է ԱԱԳ–ն` ընդգծելով, որ դա թույլ կտա աշխարհի տարբեր երկրներում ընկերություններ բացող սփյուռքահայ ոսկերիչներին բիզնես սկսել նաև հայրենիքում` Հայաստանում։

ԱԱԳ–ն գործելու է Երևանի «Ավիահամալիր» նախկին ձեռնարկության տարածքում։ Նախատեսվում է, որ ԱԱԳ–ի գործունեության առաջին տարվա ընթացքում կստեղծվի մոտ 600 աշխատատեղ։

ԱՎԾ–ի տվյալներով` 2013 թ.–ի հունվար–օգոստոսին Հայաստանում արտադրվել է 759,1 կգ ոսկե զարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 703,9 կգ–ի համեմատ (7,8 տոկոսի աճ)։–0–