Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

07.03.2017, 16:45
Նախօրեին Արամ Խաչատրյանի  համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՂՀ երիտասարդ տաղանդավոր           երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների           առաջին սիմֆոնիկ համերգը:
Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՂՀ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը:

Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ 

Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարում, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր և չդադարող ծափերը: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ ունեցան նան Անի Աթայանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Պոլինա Շարաֆյանը (ջութակ), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր): 

 Բեմում էր նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Համերգի դիրիժորն էր ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների (Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին) դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը: Լինելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ` համերգին մասնակցած տաղանդավոր պատանի երաժիշտներն արդեն իսկ գրանցում են տպավորիչ հաջողություններ: 

Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել է «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ է ստացել «Gina Bachauer» միջազգային մրցույթում: 

Պոլինա Շարաֆյանը և Արթուր Գրիգորյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են, իսկ Խաչիկ Անդրեասյանը, ի ուրախություն բոլորիս, մասնակցում է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում և արդեն իսկ անցել է հաջորդ փուլ: Իր ամփոփիչ խոսքում Արմեն Բաբախանյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և հատկապես կարևորեց այն աջակցությունը, որը տրամադրվում է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի հետագա առաջխաղացման համար: Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ծրագրի սաների համար սահմանվել է նաև կրթաթոշակ: 

 Համերգի աջակիցներից էր նաև Յունիբանկը, որը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ իրականացրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրեր: Նման համերգներին իր աջակցությունը տրամադրելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը:–0–