Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Air Armenia–ն չի հրաժարվում Ռուսաստանում աերոնավիգացիայի համար պարտքերի մարումից, թռիչքները չեն դադարեցվի. ընկերություն

11.09.2014, 18:44
Air Armenia ընկերությունը չի հրաժարվում Ռուսաստանում աերոնավիգացիոն սպասարկման համար պարտքերի մարումից, թռիչքները չեն դադարեցվի, «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը։
Air Armenia–ն չի հրաժարվում Ռուսաստանում աերոնավիգացիայի համար  պարտքերի մարումից, թռիչքները չեն դադարեցվի. ընկերություն
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Air Armenia ընկերությունը չի հրաժարվում Ռուսաստանում աերոնավիգացիոն սպասարկման համար պարտքերի մարումից, թռիչքները չեն դադարեցվի, «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը։

Աերոնավիգացիոն ծառայությունների ռուսական պրովայդեր «ՕՇ կազմակերպման պետական կորպորացիա» ԴՊՈՒՁ–ն սեպտեմբերի 11–ին հայտարարել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21–ից դադարեցնում է հայկական Air Armenia ավիաընկերության աերոնավիագցիոն սպասարկումը պարտքերի պատճառով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.1 մլն դոլար։

«Air Armenia ընկերությունը չի հրաժարվում իր պարտքերից, ավելին` մենք բազմիցս փորձել ենք միջոցներ փոխանցել աերոնավիգացիոն սպասարկման համար, սակայն «ՄՍՊ Բանկում» պետկորպորացիայի` ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատժամիջոցներով հաշիվների հետ կապված խնդիրների պատճառով բարդություններ են առաջացել»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` ընկերությունն ի սկզբանե փորձել է մարել պարտքը դոլարով, ինչից հետո բանակցություններ է վարել և պետկորպորացիայից բանկային այլ տվյալներ է պահանջել գումարները ռուսական ռուբլով փոխանցելու համար։

Նա նշեց, որ պետկորպորացիայի ռուբլով հաշիվներին միջոցների փոխանցման հնարավորությունը համաձայնեցնելուց հետո Air Armenia–ն 200 հազար դոլարի երեք տրանշ է իրականացրել, որոնք, սակայն, չեն նստել ռուսական ընկերության հաշիվների վրա։

«Մեր հաշիվները սպասարկող հայկական բանկը մեզ նամակ է հղել, որ «ՄՍՊ Բանկը» պատժամիջոցների է ենթարկվել, և տվյալ փոխանցումը խորհուրդ չի տրվում, ինչի կապակցությամբ մենք դիմել ենք գործընկերներին հաշիվներ տրամադրել այլ բանկում և հայտարարել ենք բոլոր միջոցները նոր հաշվին փոխանցելու պատրաստակամության մասին, ինչի մարման ժամկետները երկարացվել են մինչև սեպտեմբերի 21–ը»,– ասաց Ավետիսյանը։

Ինչպես նշեց Air Armenia–ի տնօրենը, ընկերությունը մինչ օրս նոր բանկի ռեկվիզիտներ չի ստացել` բոլոր պայմանագրերը վերաձևակերպելու և փոխանցումն իրականացնելու համար։ «Մենք հույս ունենք, որ օրերս կստանանք հաշվեհամարը և կմարենք ամբողջ պարտքը։ Ինչ վերաբերում է ավիաընկերության ընթացիկ պարտքերին, ապա դրանք կազմում են 400 հազար դոլար, և դա հավասար է Ռուսաստանի տարածքում ընկերության մեկ ամսվա թռիչքաժամերին և բնական է ավիացիոն ոլորտի համար»,– ասաց Ավետիսյանը։

Ավիաընկերության ղեկավարը հույս հայտնեց, որ ծագած տեխնիկական խնդիրը կկարգավորվի առաջիկա 3-4 օրերին։

«Չնայած առաջացած բարդություններին` մեր ավիաչվերթների ուղևորները կարող են հանգիստ լինել, քանի որ բոլոր թռիչքները կիրականացվեն նախատեսված չվացուցակին համապատասխան ինչպես մինչև սեպտեմբերի 21–ը, այնպես էլ հետագայում»,– ասաց Ավետիսյանը։

Այս պահին հայկական շուկայում գործում է միայն մեկ տեղական ավիաընկերություն` Air Armenia ընկերությունը։ Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սնանկ ճանաչելուց հետո Air Armenia–ն, որն ավելի վաղ միայն չարտերային բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։ -0-