AmCham-ի խորհրդի նախկին նախագահը ներկայացրել է իր ղեկավարության տարիներին գրանցված ձեռքբերումները
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի (American Chamber of Commerce in Armenia – AmCham) նախկին նախագահ Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է կառույցի ձեռքբերումները վերջին երկու տարվա ընթացքում, ինչպես նաև պաշտոնը թողնելու պատճառները։
Տասը օր առաջ տեղի է ունեցել AmCham–ի տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվել է Խորհրդի նոր կազմը, նախագահն ու նրա տեղակալները։
Ջրբաշյանը նշեց, որ պաշտոնը թողնելու որոշումն ընդունելիս առաջին հերթին ղեկավարվել է AmCham–ում նոր մարդկանց ներգրավելու ավանդույթը շարունակելու ցանկությամբ, որոնք կկարողանան շարունակել աշխատանքը։
«Բացի այդ, իմ որոշումը կապված է այն փաստի հետ, որ աշխատանքի ծավալն իսկապես շատ մեծ էր և լուրջ ջանքեր էր պահանջում։ Ես կարծում եմ, որ կառույցի հետագա ընդլայնման համար հարկավոր է ապահովել նոր մարդկանց առկայություն, և այս իմաստով նոր Խորհրդի կազմը, որն ընտրվել է մրցակցության հիմունքներով, շատ հզոր է, ինչը ևս AmCham–ի ակտիվության արդյունքն է», – ասաց Ջրբաշյանը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
AmCham–ի Խորհրդի նախագահի պաշտոնում Ջրբաշյանին փոխարինել է Contour Global ընկերության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ով ունի աշխատանքի մեծ փորձ միջազգային կառույցներում, պետական կազմակերպությունների և բիզնեսի հետ։
Ջրբաշյանը ներկայացրեց նաև այն գործոնները, որոնցով նա ղեկավարվել է երկու տարի առաջ` ներկայացնելով AmCham Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ։
Առաջին գործոնը, նրա խոսով, անդամավճարների լիարժեք վճարումն է, քանի որ կառույցի ֆինանսական հնարավորությունները ձևավորվում են հիմնականում հենց այդ գումարների հաշվին։
«Եթե գործարարներն անդամավճարներ են վճարում, և դրանք բավական են կառույցի նորմալ գործունեության համար, դա նշանակում է, որ կառույցն առողջ է։ Դա այն կարևորագույն սկզբունքն է, որը որոշակի չափով խախտվում է Հայաստանում տարբեր բիզնես–ասոցիացիաների կողմից։ Կարծում եմ, որ անկախությունը և անդամների համար լրացուցիչ արժեքի ստեղծման անհրաժեշտության հարցում վստահությունը կառույցի կայացման հիմնական սկզբունք են»,– ընդգծեց Ջրբաշյանը։
Որպես երկրորդ գործոն նա նշեց այն փաստը, որ AmCham–ը մեկ մարդու շոու չէ (Ջրբաշյանը դարձել է AmCham–ի` հաշվով ութերորդ նախագահ անցած 15 տարիների ընթացքում), ինչը տարբերվում է բիզնեսի շահերը ներկայացնող այլ կառույցներից։ «Դա նույնպես վկայում է այն մասին, որ կառույցն առողջ է»,– ընդգծեց նա։
Ջրբաշյանը նշեց նաև, որ կոնկրետ ծրագիր է ունեցել AmCham խորհրդի ղեկավարի պաշտոնում, և այն չոր ուղղություն էր ներառում։
«Առաջինը հարթակի ձևավորումն ու պետական մարմինների հետ ակտիվ համագործակցությունն է, այդ թվում` Ազգային ժողովի հետ։ Երկրորդ ծրագրային նպատակը գործակցության հաստատումն է միջազգային այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են` Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը։ Երրորդ կետը հանրային իրազեկումն է մեր գործունեության մասին, իսկ չորրորդը` հարթակի ձևավորում, որն AmCham–ի անդամները կարող են օգտագործել սեփական շահերի համար»,– պարզաբանեց նա։
Ջրբաշյանը հատուկ կարևորեց սերտ գործակցությունը ԱՄՆ դեսպանության և կառավարության հետ` շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին անցած տարիների ընթացքում AmCham–ի աշխատանքին օժանդակելու համար։
Ջրբաշյանը վերջին երկու տարվա հիմնական ձեռքբերումների թվում նշել է AmCham-ի նշանակալի դերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության շրջանակային համաձայնագրի (Trading Investment Framework) կնքման հարցում, որը շատ կարևոր է բիզնես-միջավայրի ձևավորման համար: «Ես հույս ունեմ, որ դա երկարատև ազդեցություն կունենա հայ-ամերիկյան համագործակցության վրա», - ասաց Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի տնօրենների խորհրդի նախկին նախագահը:
Նա նաև կարևորեց նոր Հարկային օրենսգրքի շուրջ աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցել է:
«Չեմ կարող ասել, թե բավարարված եմ այս ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքներով, սակայն չի կարելի չնշել, որ մեր մասնակցությունը և խորհրդատվություննեը, այլընտրանքային նախագծերի ներկայացումը ազդեցություն են ունեցել նոր Հարկային օրենսգրքի վրա», - ասաց նա:
Ընդ որում, Խորհրդի նախկին նախագահը կարևոր ձեռքբերում է անվանել նաև տարատեսակ բիզնես-ասոցիացիաների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը` փաստաթղթի շուրջ աշխատելիս և համատեղ դիրքորոշումը ներկայացնելիս:
AmCham-ն ազդեցություն է ունեցել նաև Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի միավորման հարցում (Extractive Industry Transparency Initiative-միջազգային ստանդարտ` աջակցելու համար բաց և հաշվետու արդյունահանող ռեսուրսների կառավարմանը):
Ընդ որում, Ջրբաշյանը նշեց, որ ձևավորվելէ Ազգային ժողովի հետ համագործակցելու հարթակ, որն իրեն, սակայն, ամբողջությամբ չի արդարացրել, և դեռևս շատ հարցեր լուծման կարիք ունեն:
Միջազգային կառույցների հետ համագործակցության գծով նա դրական գնահատեց գործուն ձևաչափի ստեղծումը, որը հարթակ է դարձել կարծիքների փոխանակման համար:
AmCham-ը մասնակցել է նաև մի շարք տարածաշրջանային բիզնես-միջոցառումների և համաժողովների, որ կազմակերպվել են ԱՄՆ կառավարության կողմից:
Հանրային տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցառումների շրջանակում ձեռնարկվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` կազմակերպության կայքի թարմացում, իր գործունեության մասին տեղեկատվական տեղեկագրի մշակում:
«Կառույցի անդամներն այս երկու տարում զգացել են, որ AmCham-ը գործում է ոչ միայն բիզնեսի հետաքրքրություններից ելնելով, այլև զբաղվում է հատվածային խնդիրների լուծմամբ», - ասաց նա:
Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատն անկախ բիզնես–միություն է, որը գործում է երկրում 2000 թվականից։ AmCham–ը ներկայացնում է իր անդամների` Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող ավելի քան 100 կազմակերպությունների շահերը։
Երկրի բիզնես–միջավայրի բարելավման և լավագույն բիզնես–փորձի ներկայացման համար AmCham–ը համագործակցում է Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների և լայն բիզնես–շրջանակների ներկայացուցիչների հետ։ -0-