Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ամերիաբանկը կֆինանսավորի կանանց ձեռներեցությունը ՎԶԵԲ–ի աջակցությամբ

15.12.2016, 20:38
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ:
Ամերիաբանկը կֆինանսավորի կանանց ձեռներեցությունը ՎԶԵԲ–ի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում, որն այժմ ընդգրկում է Արևելյան գործընկերության անդամ երկրները:

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրներում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել և աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին:

Ծրագրի բաղադրիչներն են` ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը և գործարար խորհրդատվական ծառայությունները, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն:

Տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է և առաջինն է իր ակտիվներով, վարկային պորտֆելով, հաճախորդների հաշիվներով ու ներգրավված ավանդներով (համաձայն 30.09.16թ. հրապարակային հաշվետվությունների): Տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրեց Ամերիաբանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 20%-ը: Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը նշեց, որ կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համարմ ուստի խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել:

«Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարևոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները և «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը և բարգավաճել», - ասաց նա։

«Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել և գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների, որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

1992 թ. Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 1.11 միլիարդ եվրո է ներդրել և երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների ձևավորման և էներգետիկայի հատվածներում իրականացրել է 153 նախագիծ: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:-0-