Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում հայկական ապրանքների հնարավոր արտահանման շուրջ

09.01.2026, 17:30
Կան ադրբեջանական ընկերություններ, որոնք հետաքրքրություն են հայտնել որոշակի ապրանքների ներմուծման հարցում, ասել է Պապոյանը
Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում հայկական ապրանքների հնարավոր արտահանման  շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում ալյումինի փայլաթիթեղի, ալյումինի փայլաթիթեղի արտադրության համար նախատեսված հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի, ծխախոտի և տեքստիլի հնարավոր արտահանման շուրջ։ Այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Կան ադրբեջանական ընկերություններ, որոնք հետաքրքրություն են հայտնել որոշակի ապրանքների ներմուծման հարցում։ Ադրբեջանական կողմը տրամադրել է հետաքրքրության առարկա հանդիսացող կոնկրետ ապրանքների ցանկ։ Մենք տեղեկատվություն ենք ուղարկել այն քանակությունների մասին, որոնք կարող ենք արտահանել։ Մեր ցանկում կան նաև վարդեր, ջերմոցային արտադրանք, ինչպիսիք են լոլիկը և պղպեղը։ Մենք մոտավոր գին ենք առաջարկել», - ասել է Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը դեռևս չի նշել առաջին նախատեսված արտահանման ժամկետները։ Նա նշել է, որ դա տեղի կունենա հայկական և ադրբեջանական ընկերությունների միջև համաձայնության ձեռքբերումից հետո։

Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թ.-ին 6580 տոննա հացահատիկ, այդ թվում՝ 1000 տոննա ղազախական և 5580 տոննա ռուսական հացահատիկ, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին, երկաթուղով տեղափոխվել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ, Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան է տեղափոխվել 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննա՝ տարանցիկ։ Բացի այդ, տարանցիկ է նաև 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, այդ թվում՝ 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզելային վառելիք։