Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի 2014–2018թթ.–ի ներդրումային ծրագիրը 69,6 մլրդ դրամ է կազմել

25.12.2013, 17:15
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ընթացքում հաստատեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի 2014–2018թթ.–ի 69,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի  2014–2018թթ.–ի ներդրումային ծրագիրը 69,6 մլրդ դրամ է կազմել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ընթացքում հաստատեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի 2014–2018թթ.–ի 69,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։

Ինչպես ծրագիրը ներկայացնելիս նշեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը, ընկերության հաշվեկշռում գտնվող էլեկտրական ցանցերն ու էլեկտրահաղորդման գծերը գործում են արդեն ավելի քան 40 տարի, ինչը վկայում է ցանցի հուսալիության ցածր մակարդակի, ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու մասին, ինչի կապակցությամբ ընկերությունը ծավալուն ներդրումային ծրագիր է մշակել համակարգի արդիականացման և վերականգնման համար։

«2014–2018թթ.–ի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 69,6 մլրդ դրամ, որոնց հիմնական մասը` 63 տոկոսը, կուղղվի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին, իսկ մնացած միջոցները` համակարգի նոր միացումների ապահովմանը»,– ասաց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ 2014թ.–ին նախատեսվում է 10,3 մլրդ դրամ ներդնել, 2015թ.–ին` 14,3 մլրդ դրամ, 2016թ.–ին` 15,7 մլրդ դրամ, 2017թ.–ին` 14,9 մլրդ դրամ, իսկ 2018թ.–ին` 14,3 մլրդ դրամ։

Ըստ Գևորգյանի, 2014–2018թթ.–ի ներդրումային ծրագրի իրականացման նպատակային ուղղություններն են էլեկտրաէներգիայի անջատման միջին ցուցանիշների պահպանումը և համակարգի անվտանգությունը (21,8 մլրդ դրամ), լարման թույլատրելի նորմերի շեղումների միջին տարեկան ցուցանիշի հաճախականության և երկարատևության կրճատումը (22,8 մլրդ դրամ),  նոր բաժանորդների միացումը (19,2 մլրդ դրամ), էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացումը (1,1 մլրդ դրամ), բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպումը և այլ ծախսեր (4,7 մլրդ դրամ)։

«Նախատեսված ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կարդիականացնի 850 շենքերի ներքին ցանցերը, իսկ 260 տներ կապահովվեն պահուստային էներգամատակարարմամբ, 21 հազար բաժանորդների համար կբարելավվի էլեկտրաէներգիայի անջատման միջին ժամանակահատվածի ցուցանիշները, իսկ լարման շեղումների թույլատրելի նորմը`  106 հազար բաժանորդի համար»,– ասաց գլխավոր տնօրենի խորհրդականը։

Ըստ նրա, նաև նախատեսվում է ցանցին միացնել 26 հազար նոր բաժանորդ, բեռնաթափել Երևանի կենտրոնի հզորություններն ու մայրաքաղաքն ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիայով, 25,6 հազար հին էլեկտրահաշվիչներ փոխարինել նորով, բարձրացնել հուսալիությունն ու ցանցի անվտանգ շահագործում ապահովել։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի գլխավոր փոխտնօրեն Վլադիմիր Սազոնովը նիստի ընթացքում ընդգծեց, որ ներդրումային ծրագիրը շատ կարևոր և մեծ քայլ է ցանցի զարգացման համար։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։

Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար բաժանորդի։ Ընկերության աշխատակիցները թիվը կազմում է 7800 մարդ։ –0–