Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունն ունի չբացահայտված ներուժ․ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունն ունի չբացահայտված ներուժ, չնայած 2025 թվականի առաջին կիսամյակում այն գերազանցել է 171 միլիոն դոլարը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մեծ մասը Հայաստանից արտահանումն է։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունը գերազանցել է 246 միլիոն դոլարը (2023 թվականի համեմատ 36%-ի աճ)։ Այս թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները կայուն աճ են գրանցում, բայց դեռևս կա բավականին մեծ չօգտագործված ներուժ», - նշեց Պապոյանը Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ նիստը կարևոր հարթակ է նոր մոտեցումներ և քայլեր բացահայտելու համար, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ դարձնել երկու երկրների տնտեսական և քաղաքական փոխգործակցությունը։
Նախարարը նշեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ներդրումային միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի ներգրավվածությանը, կարևորում է այնպիսի գործիքների մշակումը, ինչպիսիք են բիզնես համաժողովների կազմակերպումը և երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելությունները։
Պապոյանըն ընդգծեց, որ Հայաստանը խորապես հետաքրքրված է Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հարցում: Հայկական ձեռնարկությունները պատրաստ են ներդնել իրենց ներուժը շինարարության, ենթակառուցվածքների, սննդի արդյունաբերության և առողջապահության ոլորտներում: Համագործակցության ներուժ կա նաև գյուղատնտեսության ոլորտում:
«Հայկական կողմը նաև կարևորում է թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի զարգացման ոլորտներում համագործակցության խորացումը ՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի ու նորարարական լուծումների իրականացման միջոցով», - ասաց Պապոյանը։