Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ միավորվել է վեց ֆինանսական կառույց Firebird AI մեգանախագծին 300 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում տրամադրելու համար

Այսօր, 19:08
Մարտի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը վեց ֆինանսական կառույցների միջև
Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ միավորվել է վեց ֆինանսական կառույց Firebird AI մեգանախագծին 300 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին սինդիկացված վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը վեց ֆինանսական կառույցների միջև, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Սինդիկատի մասնակիցներն են՝ Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթ Բանկ, Ցե-վադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա, Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ:

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 450 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ձևավորվել է տվյալ սինդիկացված ֆինանսավորման միջոցով։ Արդշինբանկի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ իրականացված գործարքը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորել է մեկ գաղափարի և մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով Firebird AI ընկերությանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։

Ардшин

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Սա ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Այս մեգանախագիծը բխում է 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես, արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից, որը կապահով կոնկրետ կիրառական արդյունքներ մեր պետության համար՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների»։

Ардшин

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց. «Firebird նախագծի հաջող ֆինանսավորումը վկայում է, որ Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը վերջին տարիներին հասել է որակական նոր մակարդակի։ Այն արդեն ունի բավարար ներուժ՝ գնահատելու, կառուցելու և ուղեկցելու նման մասշտաբի և միջազգային նշանակության ներդրումային ծրագրեր։ Նախագծի երկրորդ փուլը, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում, նախատեսում է լրացուցիչ՝ շուրջ 41,000 NVIDIA պրոցեսորների ներգրավում՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կդասվի աշխարհի այն երկրների շարքում, որոնք ունեն արհեստական բանականության խոշորագույն և առավել հզոր հաշվողական ենթակառուցվածքներ»։

Ардшин

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ընդգծեց․ «Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի օրինակը ցույց է տալիս, թե ինչի կարող ենք հասնել մեր երկու երկրների համագործակցությամբ, երբ համադրում ենք մեր կարողությունները տեխնոլոգիական նորարարության ոլորտում։ Այս համագործակցությունը նաև ներկայացնում է մեր երկու երկրների ուժեղ կողմերը՝ օգտագործելով ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական արտահանման արժեքը՝ ներառյալ NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորները (GPU-ներ) և Dell-ի տեխնոլոգիաները, միաժամանակ հենվելով Հայաստանի զարգացած բարձր տեխնոլոգիական ոլորտի ներուժի և հավակնությունների վրա»։

Ардшин

Սույն գործարքը սահմանում է այսպիսի լայն սինդիկացված վարկավորման կիրառման գործնական նոր ձևաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում։ Գործարքը ամենախոշորն է` որպես ֆինանսավորում, իսկ նախագիծը՝ որպես ԱՄՆ ներդրում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ:

Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը։ Այն հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մասշտաբային կերպով ներդնել նորագույն ԱԲ տեխնոլոգիաներ՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ և հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: