Հայաստանից ծաղիկներ մատակարարող 21 ընկերություններ ստացել են ՌԴ արտահանման արտոնագիր
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ֊տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում»,-նշվում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։
ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։
Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ այս տարի Հայաստանից ծաղիկների ներմուծման աճ է գրանցվել։ Այսպիսով, 2025 թ.-ի սկզբից մատակարարվել է ավելի քան 71.1 մլն հատ, ինչը 47%-ով ավելի է, քան 2024 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 48.5 մլն հատ։ Անցած ամբողջ տարվա ընթացքում մատակարարվել է 84.4 մլն հատ ծաղկային արտադրանք։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով նրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ Լուրեր էին տարածվել նաև, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառ է նաև այն, որ ծաղիկներ արտահանողները ծաղիկներ են ներմուծում այլ երկրներից Հայաստան, ապա վերաարտահանում դրանք Ռուսաստան։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։
Armstat-ի տվյալներով՝ 2025 թ.-ի առաջին կեսին Հայաստանում աճեցվել է 110.3 մլն հատ ծաղիկ, ինչը 50.5%-ով ավելի է, 2024 թ.-ի առաջին կեսի ցուցանիշների համեմատությամբ։