Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում երկաթուղային տրանսպորտի երթևեկության արժեքն առաջիկայում չի ավելանա. ՀԿԵ

30.07.2013, 16:44
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն առաջիկայում չի նախատեսում բարձրացնել ուղևորափոխադրման սակագները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Հայաստանում երկաթուղային տրանսպորտի երթևեկության արժեքն առաջիկայում չի ավելանա. ՀԿԵ
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն առաջիկայում չի նախատեսում բարձրացնել ուղևորափոխադրման սակագները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

«Մենք դեռ կխուսափենք երթևեկության արժեքի ավելացման վերաբերյալ որոշումներ կայացնելուց։ Սակագներն անփոփոխ կմնան, սակայն, թե որքան կկարողանանք դիմանալ, դեռ դժվար է ասել։ Հուսով եմ` այս տարի մինչև ամառային սեզոնի ավարտը մենք կկարողանանք պահպանել այն սակագնային քաղաքականությունը, որն առկա է»,– ասաց նա։

Միաժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ընկերության ծախսերն էապես աճել են` մոտ 18 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված և ներկա պահին ծախսերի օպտիմալացմանն ու պահուստների որոնմանն ուղղված համալիր միջոցառումներ են անցկացվում։

«Մենք դուրս ենք եկել կանոնակարգի միջոցառումների եզրափակիչ փուլ` վարչությունների ղեկավարների կազմից հանձնաժողով ձևավորելով, որպեսզի գնահատենք առաջին կիսամյակի արդյունքները, տեսնենք բոլոր թույլ դիրքերը, բոլոր վնասները, հանենք և կրճատենք դրանք և ներքին միջոցների ու պաշարների հաշվին տեղավորվենք տարեսկզբից նախատեսված ծախսերի կազմում, որպեսզի այդ բեռը չփոխանցենք սպառողին»,–նշեց նա։

Ռեբեցը նաև ընդգծեց, որ այս տարի ՀԿԵ–ն ընդլայնել է տրամադրող ծառայությունների հատվածը, մասնավորապես ուղևորներն այժմ կարող են տարբեր արժեքի տոմսեր ձեռք բերել`կախված երթևեկության պայմաններից, ավելացել է լրացուցիչ ծառայությունը, որը նախատեսում է տոմսերը վերադարձնելու, ինչպես նաև ձեռք բերելու առցանց ընթացակարգը։

«Օրինակ` վագոնի վերևի հատվածում երթևեկելն այժմ մոտ հազար դրամով էժան է, քան ներքևինը։ Բացի այդ, մենք մեր ուղևորներին առաջարկել ենք ևս մեկ ծառայությունը` անվճար WiFi ննջավագոններում և բարձր հարմարավետությամբ կուպեներում, իսկ այն ուղևորները, ովքեր ուղևորվում են ննջավագոններով, անվճար տրամադրվում են  վրացական բջջային օպերատորների սիմ քարտեր»,– ավելացրեց նա։

Ըստ ՀԿԵ գլխավոր տնօրենի, 2013թ.–ի սկզբից նկատվում է ուղևորակիլոմետրերի ավելացում` որպես 6 տոկոսով ուղևորափոխադրումների ենթակառուցվածքների բեռնման վերջնական գնահատական, իսկ եկամտաբերությունն ավելացել է մոտ 9,5 տոկոսով։
«Սակայն եկամուտների առումով ուղևորափոխադրումները բոլորովին չնչին դեր են խաղում, նույնիսկ երկու կամ երեքանգամյա աճը ոչինչ չէր փոխի»,– ասաց նա։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: –0–