Հայաստանում պարտադիր կլինի սահմանամերձ հանքավայրերում գործող տեխնիկան և բեռնատարները կահավորել GPS համակարգերով
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունն օգոստոսի 13-ի նիստում հաստատել է սահմանամերձ գոտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման և փոխադրման մեջ ներգրավված տեխնիկայի և բեռնատար ավտոմեքենաների՝ GPS համակարգերով պարտադիր կահավորման պահանջները:
Ինչպես հայտնում է կառավարության պաշտոնական կայքը, խոսքը վերաբերում է օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներին, ինչպես նաև օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներին։ ՋիՊիԷս համակարգերը պետք է անխափան միացված լինեն սերվերային ենթակառուցվածքին:
Բացի այդ, սահմանվել է պետական մարմինների ցանկը, որոնք հասանելիություն կստանան տեխնիկայի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տվյալներին: Սահմանվել են նաև տվյալների մշակման և փոխանակման կարգը, համակարգի անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները։
Կառավարության տվյալներով՝ կարգավորումները նպատակաուղղված են սահմանային շերտում օգտակար հանածոների արդյունահանման և տեղափոխման գործընթացի թափանցիկության բարձրացմանը։
Ենթադրվում է, որ պետական մարմինները կկարողանան տեխնիկայի և բեռնատար տրանսպորտի տեղաշարժի վերաբերյալ տվյալներն օգտագործել վերահսկողական նպատակներով:
Արդյունքում՝ կձևավորվի սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում շահագործվող տեխնիկական և տրանսպորտային միջոցների տեղաշարժի գրանցման, տվյալների պահպանման և պետական մարմիններին տրամադրման իրավական ու կազմակերպական մեխանիզմ։
Կառավարությունն ակնկալում է, որ կարգավորումների ներդրմամբ կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը, ինչպես նաև կապահովվի տվյալների արդյունավետ փոխանակումը պետական լիազոր մարմինների միջև։