Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ իշխանությունները գործարար Սամվել Ալեքսանյանին կառաջարկեն վաճառել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը Carrefour ֆրանսիական ընկերությանը. թերթ

29.03.2013, 11:42
Իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Carrefour» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ, գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀ իշխանությունները գործարար Սամվել Ալեքսանյանին կառաջարկեն վաճառել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը Carrefour ֆրանսիական ընկերությանը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/.  Իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Carrefour» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ, գրում է «Ժամանակ» թերթը։

Մարտի 19–ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը ԶԼՄ–ների միջոցով ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ներկայացուցիչներին հրավիրել է հայկական շուկա մտնելու հետ կապված խնդիրների քննարկմանը։

«Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի ՀՀ իշխանությունների կողմից: Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ «Կարֆուրը» գնի Ս. Ալեքսանյանի այդ հսկայական խանութների ցանցը և միանգամից այդպիսի լայն ներգրավվածությամբ մուտք գործի ՀՀ շուկա, նշանակում է, որ նրանք վերջապես որոշել են ներկրման ու իրացման շուկան ապամոնոպոլիզացնելու քաղաքական կամք դրսևորել»,- գրում է «Ժամանակը»։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։

ՀՀ վարչապետն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։ Վարչապետը պարզաբանել է, որ կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշել էր, որ Carrefour–ի` Հայաստան մուտք գործելու գործընթացի ձգձգումը բացարձակապես կապված է մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։

Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։

1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։ –0–