Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հաստատվել է «ՀԿԵ» ՓԲԸ–ի 2015թ.–ի ներդրումային ծրագիրը և բիզնես-պլանը

16.12.2014, 14:05
Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում «ՌԵ» ԲԲԸ–ի նախագահ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի հերթական նիստը:
Հաստատվել է «ՀԿԵ» ՓԲԸ–ի 2015թ.–ի ներդրումային ծրագիրը և բիզնես-պլանը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում «ՌԵ» ԲԲԸ–ի նախագահ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ընկերության հետագա աշխատանքի համար սկզբունքորեն կարևոր մի շարք փաստաթղթեր, այդ թվում «ՀԿԵ» ՓԲԸ–ի 2014թ.–ի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի հաշվետվությունը, 2015թ.–ի բիզնես պլանն ու ներդրումային ծրագիրը:

«ՀԿԵ» բիզնես պլանի և ներդրումային ծրագրի համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների աճը 2015-ին կկազմի 0.9%, տեղական հաղորդակցությունում ուղևորների թվի աճը նախատեսվում է 0.6%, իսկ միջազգային հաղորդակցությունում՝  0.1%: Ընկերության շահույթը սահմանված է 151.9 միլիոն դրամի չափով:

«ՀԿԵ» ներդրումները 2015թ.-ին կկազմեն 6.5 միլիարդ դրամ: Ներդրումները կուղղվեն երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնմանը. գերակա ուղղությունները մնալու են գծի տնտեսությունը, էներգամատակարարման, ազդանշանային, կենտրոնացման, արգելափակման ու կապի համակարգերը:

Աշխատանքի արտադրողականությունը, կանխատեսման համաձայն,  2015թ-ին կբարձրանա 3.3%-ով, համամասնորեն կաճի և ամսական միջին աշխատավարձը՝ հասնելով  201 հազար դրամի:

«ՀԿԵ» ՓԲԸ–ի հաջորդ տարվա գլխավոր նպատակների թվում են ընկերության դիրքերի ամրապնդումը տրանսպորտային շուկայում, բյուջետային կառավարման բարելավումը, «Ռեսուրսախնայողություն 2015» ծրագրի իրագործմանն աջակցությունը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, «1C» հաշվապահական ավտոմատացված ծրագրի իրականացումը:

Խորհրդի նիստի ընթացքում դրական գնահատվեց «ՀԿԵ» ղեկավարության աշխատանքը 2014թ.-ի առաջին կիսամյակում նկատվող բացասական միտումների ազդեցությունը հաղթահարելու ուղղությամբ, ինչը, իր հերթին, օգնել է ապահովել փոխադրումների աճը 3-րդ եռամսյակում և շահույթը տարվա կտրվածքով:

Նաև բարձր գնահատվեցին «ՀԿԵ» ռեսուրսների խնայողության ծրագրերը, աշխատուժի գրագետ կառավարումը, ներքին կառուցվածքի վերակազմակերպումը:

Վերակազմակերպման ծրագրի շրջանակներում 2014 թվականի սկզբում կատարվել էր անձնակազմի օպտիմալացում և ստեղծվել երկու նոր ստորաբաժանում՝ շարժակազմի և ենթակառուցվածքի տնօրինություններ, ինչը թույլ էր տվել էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-