Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

HSBC Բանկ Հայաստանն ընդլայնում է հայկական ընկերությունների փորձը միջազգային առևտրի ոլորտում

12.12.2014, 14:19
HSBC Բանկ Հայաստանը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ, ուրբաթ Երևանում անցկացնում է Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի XIII սեմինարը։

HSBC Բանկ Հայաստանն ընդլայնում է հայկական ընկերությունների փորձը միջազգային առևտրի ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ, ուրբաթ Երևանում անցկացնում է Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի XIII սեմինարը։

«Ներկայում բազմաթիվ ընկերությունների առջև ընտրության հարց է` շարունակե՞լ ընդլայնվել տեղական շուկայում, որին իրենք ծանոթ են, թե՞ դուրս գալ միջազգային շուկա և բախվել առևտրի ոլորտի կազմակերպչական, ֆինանսական և մշակութային մարտահրավերների հետ։ Հենց այս փուլում է առաջանում վախը մի բանից, որ նրանք չգիտեն»,– ասաց HSBC Հայաստան Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը (Thies Clemenz)։

Նա նշեց, որ մտավախությունների պատճառն այն է, որ, գործունեություն սկսելով արտասահմանում` անհնար է չբախվել իրավաբանական համակարգերի, առևտրային փաստաթղթերի տարբերության, ինչպես նաև խնդիրների հետ, որոնք կապված են արժութային փոխարժեքների տատանումների հետ։
 
«Այնուամենայնիվ, ոչ միայն հայ գործարարներն են բախվում օրենսդրական և կազմակերպչական խնդիրների հետ։ Միջազգային առևտրում փորձի պակասը հաճախ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ ցանկացած ընկերության համար։ Հենց այդ պատճառով է HSBC-ն Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարներ անցկացնում»,– ասաց նա։

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով` սեմինարին մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչներին օգտակար տեղեկություններ կտրամադրվեն, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն, մասնավորապես, Հայաստանի սահմաններից դուրս բիզնես վարելու համար։

«Այդ միջոցառումն օգտակար կլինի հայկական բիզնեսի ներկայացուցիչներին, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը»,– ասաց Քլեմենցը։

Նա հայտնեց նաև, որ այս տարի HSBC–ն Global Trade Review–ի «Առևտրի ոլորտի առաջնորդներ» անվանակարգում առաջատար դիրք է զբաղեցրել, քանի որ հաճախորդների մեծամասնությունը քվեարկել է հենց HSBC–ի օգտին` դրանով իսկ վստահություն հայտնելով բանկի առևտրի ֆինանսավորման դեպարտամենտին։ Արդյունքում HSBC–ն արժանացել է «Գլոբալ առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ» մրցանակի։

Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Մաուրիցիո Կրոչատելին նույնպես կարևորեց նման նախաձեռնությունները` ընդգծելով, որ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալը, վերջին ուսումնասիրությունների համաձայն, դինամիկ աճում է։

2014 թվականի ինն ամիսներին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 161.5 մլն դոլար։ Իտալիան Հայաստանի` մեծությամբ յոթերորդ առևտրային գործընկերն է։

«Այժմ ամենահարմար ժամանակն է հայ գործարարներին ներկայացնելու վերջին տարիների զարգացման միտումները։ Իտալիան իր ձեռներեցներին է ներկայացրել այլ երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել թույլ տվող գործիքներ, քանի որ Հայաստանը չի դիտարկվել որպես ռիսկի երկիր»,– ասաց Կրոչատելին։

HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն իր հերթին հիշեցրեց, որ սեմինարի անցկացման տարիների ընթացքում դրան մասնակցել են ավելի քան 300 ընկերությունների ներկայացուցիչներ։

«Այդ գործունեության արդյունքում շարունակում է աճել առևտրային ֆինանսավորման ոչ ռիսկային գործիքներ նախընտրող ընկերությունների թիվը, իսկ մենք ականատեսն ենք լինում, թե որքան դրական է այդ ընտրությունն ազդում այդ ընկերությունների զարգացման և բարեկեցության վրա»,– ասաց Փինաջյանը։

Առևտրի ֆինանսավորման ակադեմիան գործում է Հայաստանում 2010 թվականի հունիսից, Ակադեմիայի աշխատանքների նախաձեռնողը HSBC Բանկն է։ Ակադեմիայի կազմակերպած սեմինարների մասնակիցները հնարավորություն են ստանում ավելի լավ ծանոթանալու արտաքին առևտրի ֆինանսավորման բոլոր գործիքներին, գնահատել այդ ոլորտի բոլոր ռիսկերը և արդյունավետ կառավարել դրանք նոր շուկաներ մտնելու համար։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ–ն «HSBC Bank» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25–ին։ «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանը պատկանում է HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, իսկ 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»–ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ–ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է։

HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2014 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են 261.3 մլրդ դրամ, պարտավորությունները` 214.5 մլրդ դրամ, վարկային ավանդները` մոտ 171.5 մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 46.8 մլրդ դրամ։ ($1 – 459,09 դրամ)։ -0-