Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Ջրբաշյան․ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման շրջանակում կաղնու փայտի օգտագործմամբ կոնյակի հնեցման թույլտվությունը կարող է թուլացնել ՀՀ–ի դիրքերը բարձրորակ ալկոհոլային խմիչքների շուկայում

Այսօր, 12:11
«Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (GI) շրջանակում կաղնու փայտի օգտագործմամբ կոնյակի հնեցման թույլտվությունը կարող է հարվածել այդ գործիքի արժեքին
Ջրբաշյան․ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման շրջանակում կաղնու փայտի օգտագործմամբ կոնյակի հնեցման թույլտվությունը կարող է թուլացնել ՀՀ–ի դիրքերը բարձրորակ ալկոհոլային խմիչքների շուկայում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (GI) շրջանակում կաղնու փայտի օգտագործմամբ կոնյակի հնեցման թույլտվությունը կարող է հարվածել այդ գործիքի արժեքին և թուլացնել Հայաստանի դիրքերը բարձրորակ ալկոհոլային խմիչքների շուկայում։ Այս մասին հայտարարել է «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

«Գիտե՞ք ինչու էր Չերչիլը հայկական կոնյակ պահանջում։ Որովհետև այն իրական էր։ Իրական`, միայն Հայաստանում աճեցված խաղողից պատրաստված, հայկական ջրով համեմված, կաղնու տակառում տարիներով հնեցված և վարպետի ձեռքով ստեղծված։ Մարգար Սեդրակյանը` «Դվին», «Նաիրի», «Ախթամար», «Անի», «Հոբելյանական», «Հայաստան», «Տոնական» և մի շարք այլ կոնյակների ստեղծողը, դա գիտեր ավելի լավ, քան ցանկացած ոք», – գրել է Ջրբաշյանը Facebook–ում։

Նրա խոսքով, կաղնու մանրափայտի օգտագործումը միայն կոնյակի պատշաճ հնեցման պատրանք է ստեղծում։

Ջրբաշյանը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին էլ նմանօրինակ փորձ կատարվել է` «հնգամյա պլանն իրականացնել երեք տարում»։ Կաղնու տակառից դուրս հնեցումը «լուծում» էր։ Ըստ ընտանեկան հիշողությունների` Սեդրակյանը հրաժարվեց` պահպանելու հայկական կոնյակի ավանդույթներն ու բարձրակարգ որակը:

Ջրբաշյանը նաև նշել է, որ գիտությունը հնեցման եղանակների մասով միանշանակ է. մի շարք գիտնականներ ու հետազոտողներ, այդ թվում` Կալդեյրան, Կանաշը, Կրյուգերը, Կրստիչը և այլք, տասնամյակների ընթացքում ուղղակիորեն համեմատել են հնեցման երկու եղանակները. կաղնու տակառում և կաղնու մանրափայտի միջոցով հնեցված ըմպելիքները հիմնովին տարբեր արտադրանք են։ Ոչ թե «արագ» կամ «դանդաղ» տարբերակներ, այլ տարբեր որակի, տարբեր ճշմարտության արտադրանք։

Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ 2026 թ.-ի մարտի 13-ին «Հայկական բրենդի» աշխարհարգրական նշման հմ. 2026001 հաստատված հայտի շրջանակներում, սակայն, կաղնե փայտի միջոցով հնեցումը դիտարկվում է որպես արտադրության ընդունելի մեթոդ. փաստաթղթի «Արտադրության մեթոդը» բաժնում հստակ սահմանված է, որ «ստացված սպիրտները հնացվում են կաղնե տակառներում կամ կաղնե փայտի հետ շփման միջավայրում»:

«Այսինքն հիմա` 2026 թ.-ին, «Հայկական բրենդի» աշխարհագրական նշում (GI) ստեղծելու պահին այս խնդիրը կրկին արդիական է, քանի որ արտադրողների կողմից պատճառաբանվում է, թե անհնար է ներդրումներ կատարել մթերված խաղողի մշակման ու պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ուստի կաղնու փայտերի միջոցով հնեցման եղանակի ոլորտի «փրկությունն» է։ Սա հիմնավորման անհաջող փորձ է, ոչ թե փաստարկ», – նշել է Ջրբաշյանը։

Ջրբաշյանի խոսքով, հայտի շրջանակներում շատ անորոշ է նկարագրված «կաղնու փայտի միջոցով» հնեցման ընդունելի մեթոդը, քանի որ կաղնու փայտի ներքո կարելի է հասկանալ տարբեր երևույթներ. եթե կաղնու տակառատախտակներով հնեցումը ինչ-ինչ պարագաներում, սակայն միանշանակ ոչ GI շրջանակներում, օգտագործվում է որպես հնեցման եղանակ, ապա կաղնու մանրափայտի օգտագործումը պարզապես արգելված է արտադրական գործընթացքում:

«Ինչպե՞ս է պետությունը կարողանալու իրապես կառավարել այս գործընթացը, մանավանդ այն պարագայում, որ հնեցման տարբեր եղանակները կարող են օգտագործվել միևնույն արտադրողի կողմից կազմակերպված արտադրական գործընթացներում, ինչպես նաև այն, որ հնեցման այս երկու եղանակների միջոցով ստացված արտադրանքները բացարձակ տարբեր խմիչքներ են», – հարցադրում է անում Ջրբաշյանը։

Նա նշել է, որ այս հարցն ավելի է սրվում վերահսկողության համակարգի մասով առկա մարտահրավերների համատեքստում, որի շրջանակներում չեն ապահովվում անգամ այնպիսի նվազագույն պայմաններ, ինչպիսիք կոնյակի արտադրական գործընթացում բացառապես խաղողի հիմքով ստացված սպիրտի օգտագործումն է։

«Եթե «Հայկական բրենդի» GI-ի շրջանակներում կարգավորման մակարդակում թույլատրենք կաղնու մանրափայտով հնեցում, ո՞ւմ ենք էլի խաբելու։ Բարձրակարգ խմիչքների հեղինակավոր աշխարհը չի հասկանա այն, Հայաստանն էլ կկորցնի աշխարհագրական նշման անկնկալվող հնարավորությունները` ստիպված լինելով մրցել առավել ցածրակարգ խմիչքների շուկայում։ Ստանդարտի իջեցումը չի փրկում այս ճյուղը։ Այն միայն դրա պատրանք է ստեղծում», – կարծում է Ջրբաշյանը։

Նա ընդգծել է, որ հայկական բրենդին կամ կունենա բարձրակարգ խմիչքների շուկայում աշխատելու հնարավորություն ընձեռող GI՝ իրական չափորոշիչներով և դրանց իրականացման ապահովման հստակ վերահսկողական համակարգով, կամ ստիպված կլինի բավարարվել ավելի ցածրակարգ խմիչքների շուկայի համեստ հնարավորություններով։ Երրորդ տարբերակ չկա։

Ինչո՞ւ բրենդի

Հայկական արտադրանքի համար «կոնյակ» անվանման օգտագործումից հրաժարվելը կապված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Փաստաթղթի համաձայն՝ «Cognac»-ը հանդիսանում է ԵՄ պահպանվող աշխարհագրական նշում և կարող է օգտագործվել միայն ֆրանսիական Կոնյակ տարածաշրջանում արտադրված արտադրանքի համար:

CEPA-ն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից և նախատեսում է մոտ 14 տարի տևողությամբ անցումային շրջան (հաշվի առնելով մեկնարկի հետաձգումը), որի ընթացքում հայ արտադրողները կարող են ժամանակավորապես օգտագործել այդ անվանումը ներքին շուկայում: Անցումային շրջանի ավարտից հետո Հայաստանը պարտավոր է ամբողջությամբ հրաժարվել «կոնյակ» տերմինից և անցնել այլընտրանքային անվանման:

Համաձայնագիրը նախատեսում է նաև ԵՄ աջակցություն հայկական կողմին, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական օգնություն՝ արտադրանքի ռեբրենդինգի և արտաքին շուկաներում նոր անվանման առաջխաղացման համար: