Mastercard-ը փոխում է «խաղի կանոնները». ինչ է սպասվում հայ քարտապաններին առաջիկա տարիներին
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Mastercard միջազգային վճարային համակարգը փոխում է «խաղի կանոնները» ամբողջ աշխարհում: Այս մասին ԱՌԿԱ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Վրաստանի և Հայաստանի Mastercard-ի փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։
«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր դինամիկան, և ավելի լավ է համագործակցել, քան մրցել: Այդ դեպքում կարող ենք կենտրոնանալ լրացուցիչ արժեքներ ստեղծելու վրա, այլ ոչ թե մտածել, որ ամեն ինչ կախված է միայն մեզանից, և այլընտրանքներ չկան», - ասել է Զգուդաձեն՝ պարզաբանելով, թե ինչ նկատի ունի «խաղի կանոններ» ասելով։
Նա նաև խոսել է Mastercard-ի նոր ենթակառուցվածքային, գործընկերային և տեխնոլոգիական նախագծերի մասին, որոնք նախատեսվում են իրականացվել Հայաստանում առաջիկա 1-2 տարիների ընթացքում։
«Մենք հիմնականում կենտրոնացած ենք Armenian Card-ի հետ համատեղ նոր պրոդուկտների մշակման վրա: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք, հավանաբար, կներդնենք կենսաչափական տվյալների հետ կապված նոր տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն գործարքների ռիսկերը գնումներ կատարելիս ոչ միայն ֆիզիկական տարածքներում, այլև e-commerce-ում»,- ասել է Զգուդաձեն։
Նա նաև խոսել է իր մտադրության մասին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջությամբ հեռացնել քարտային տվյալները համակարգից, որպեսզի մարդիկ չանհանգստանան, որ իրենց տվյալները կարող են օգտագործվել խարդախ նպատակներով։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել զբոսաշրջությանը, քանի որ մեծ ներուժ ենք տեսնում դրանում։ Մենք պիլոտային նախագիծ ենք սկսել Վրաստանում և նմանատիպ նախագիծ ցանկանում ենք իրականացնել նաև Հայաստանում։ Գաղափարն այն է, որ Հայաստան այցելող և Mastercard-ով գնումներ կատարող զբոսաշրջիկներին տրամադրվեն որոշակի արտոնություններ։ Նույնը նախատեսվում է նաև Mastercard-ի հայ քարտապանների համար», - ասաց Զգուդաձեն։
Նա նաև հայտարարեց, որ Mastercard-ը նախատեսում է նոր նորարարություններ և տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում, հենց որ օրենսդրական հիմքերը պատրաստ լինեն և շուկան բաց լինի դրա համար։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով։