Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 2,57% և կազմել 16,4 մլն տոննա
15.12.2014,
13:29
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 16 մլն 462 հազար տոննա, ինչը 2,57 տոկոսով ավելի է 2013 թ.–ի նույն ցուցանիշից, նշվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ամփոփագրում, որը վերաբերում է պղնձի հանքերի վերամշակմամբ զբաղվող ինը ձեռնարկություններին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 16 մլն 462 հազար տոննա, ինչը 2,57 տոկոսով ավելի է 2013 թ.–ի նույն ցուցանիշից, նշվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ամփոփագրում, որը վերաբերում է պղնձի հանքերի վերամշակմամբ զբաղվող ինը ձեռնարկություններին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն զբաղվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի վերամշակմամբ։
Նախարարության տեղեկատվության համաձայն` չնայած հանքի արդյունահանման ծավալների աճին, գումարային արտահայտությամբ հաշվետու ժամանակահատվածում կոմբինատի ապրանքային արտադրության ծավալը կազմել է 102,3 մլր դրամ, ինչը 0,89 տոկոսով պակաս է 2013 թ.–ի նույն ցուցանիշից։
Միաժամանակ վճարված ռոյալթիի գումարը կրճատվել է 54,12 տոկոսով և 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել մոտ 5,4 մլրդ դրամ։
Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար լեռնահանքային ընկերությունն է։ Այն շահագործում է պղնձի և մոլիբդենի հաստատված և կանխատեսված պաշարներով հանքավայրերը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի սեփականատերերն են գերմանական «Cronimet Mining AG»–ն (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ–ն (12.5%), «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն (12.5%)։
Ընկերության ծրագրերի համաձայն` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն նախատեսում է 2016 թ.–ին ավելացնել վերամշակող հանքի ծավալը` մինչև տարեկան 22 մլն տոննա։ Միաժամանակ ընկերությունը նախատեսում է 2014 թվականն ավարտել 18,7 մլն տոննա ցուցանիշով։ Ըստ զարգացման պլանի` նոր արտոնագրի հայտ է պատրաստվում, և երրորդ եռամսյակում կոմբինատը նախատեսում է հանքի վերամշակումը հասցնել 20 մլն տոննայի։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա նախատեսվում է 2016 թ.–ը սկսել 22 մլն տոննա ծավալով։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին պղնձի հանքերի արդյունահանման ծավալը կազմել է 157,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8,4 տոկոսով ($1 – 462,81 դրամ)։ -0-