Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ձեռնտու են օլիգարխներին. փորձագետ

09.03.2015, 18:22
«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ձեռնտու են օլիգարխներին, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ձեռնտու են օլիգարխներին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ձեռնտու են օլիգարխներին, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

Մեսրոպյանի խոսքերով` ռոմանտիզմի գագաթնակետ է խոսակցություններ սկսել կոնկրետ հարկատեսակի մասին, երբ երկրում տիրում է օլիգարխիկ տնտեսական համակարգ։

«Հատկապես, երբ այդ հարկատեսակը ներկայացնում են մեզ շատ «գեղեցիկ» տեսքով, իբր մենք դա անում ենք այն բանի համար, որպեսզի որոշակի քայլերից հետո սկսենք ճնշում գործադրել մեծ բիզնեսի, օլիգարխների վրա` նրանց վերահսկողության տակ առնելու համար և այլն», – նշեց փորձագետը։

Մեսրոպյանը կարծում է, որ նման մոտեցումը ծիծաղելի է, քանի որ օլիգարխիկ տնտեսական համակարգ ունեցող Հայաստանում ցանկացած հարկ կդառնա այն բանի պատճառը, որ ամենամեծ բեռն արդյունքում կկրի միջին և փոքր բիզնեսը, իսկ խոշոր բիզնեսը կօգտվի դրանից։

«Օլիգարխիկ տնտեսական համակարգն առավելություններ ունի, կարող է ազդել պետության կողմից ընդունվող օրենքների վրա, ինչպես նաև տարբեր, այդ թվում նաև «ձախակողմյան» միջոցներով ապահովել բարենպաստ պայմաններ», – ասաց Մեսրոբյանը։

«Եթե ես նորմալ օլիգարխ եմ, ապա կանեմ ամեն ինչ, որպեսզի օրենքը ծառայի ինձ, ավելին, որ ես ունենամ համապատասխան հնարավորություններ, քանի որ անմիջական կապ ունեմ գործադիր, օրենսդիր և այլ մարմինների հետ», – ավելացրեց փորձագետը։

ՀՀ ԱԺ–ն մարտի 4–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների մասին օրինագիծը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, նոր փոփոխություններով կառավարությունն առաջարկում է, որպեսզի շրջանառության հարկը գանձվի այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 113,4 մլն դրամ` նախկին 58,35 մլն դրամի փոխարեն։

Նախորդ փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվել են ԱԺ–ի կողմից փետրվարի 5–ին, ՓՄՁ–ների համար պարտադիր փաստաթղթշրջանառության պահանջների ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 1–ը։

Ավելի վաղ ընդունված փոփոխությունները նախատեսում էին առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի տոկոսադրույքի նվազում` 3,5 տոկոսից մինչև 1 տոկոս։ Օրենքը նախատեսում է փաստաշրջանառությունը որպես պարտադիր պայման ՓՄՁ–ների համար։ Դրա հետ մեկտեղ նախատեսվում է ներդնել այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով` նոր փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկի 5 տոկոսադրույք սահմանել, ինչպես նաև չեղյալ հայտարարել պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջը` դարձնելով այն կամավոր։

Այն ձեռներեցները, որոնք կամավոր կերպով կցանկանան ներկայացնել փաստաթղթաշրջանառություն, կվճարեն շրջանառության հարկ 1 տոկոսի չափով, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն ներկայացնել փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ։

Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որոնց թվում 58 հազարը միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտներ են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս, միաժամանակ հատվածն ապասվում է հարկային մուտքերի մոտ 5–6 տոկոսը։

Հայաստանի առևտրի ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում` պահանջելով տրամադրել այլընտրանք`վճարել ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնություններից և վճարել ցածր տոկոսադրույք, սակայն փաստաթղթաշրջանառությամբ։–0–