Рейтинг@Mail.ru
USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր առավելություններ․ՊԵԿ–ը մանրամասնում է

Այսօր, 17:13
Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ
Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր առավելություններ․ՊԵԿ–ը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և հարկային վարչարարության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի գրավչությունը, խթանել հարկային կամավոր կարգապահությունը և ամրապնդել հարկ վճարող-հարկային մարմին գործընկերային հարաբերությունները։

Օրինապահ հարկ վճարողի անժամկետ հավաստագիր

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այլևս տրամադրվելու է անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Բացառություն կկազմեն լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկվելու նպատակով տրամադրվող հավաստագրերը, որոնց համար կպահպանվի գործող ժամկետային կարգավորումը։

Եռամսյակային մշտադիտարկում

Հարկային մարմինը եռամսյակային պարբերականությամբ իրականացնելու է օրինապահ հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի գնահատումը։

Հավաստագրի գործողության դադարեցում

Եռամսյակային մշտադիտարկման արդյունքներով հարկային մարմինը կարող է դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը։ Կառավարությունը կսահմանի օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման դեպքերն ու ընթացակարգերը։

Անհատական և առաջնահերթ սպասարկում

Օրինապահ հարկ վճարողների սպասարկումն իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով։ Հավաստագրի տրամադրումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում,  յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական սպասարկման մասնագետ, որի տվյալները կտրամադրվեն հարկ վճարողին էլեկտրոնային եղանակով։

Ռիսկայնության գնահատման նոր մոտեցում

Համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների նկատմամբ ռիսկայնության գնահատման ժամանակ կիրառվելու է լրացուցիչ 0.8 գործակից։  Օրինապահ հարկ վճարողները ավելի քիչ կընդգրկվեն բարձր ռիսկայնությամբ գնահատվող խմբերում՝  օգտվելով առավել բարենպաստ վարչարարությունից։

Հավաստագրի տրամադրման կարգը չի տարածվի ներդրումային ֆոնդերի վրա

Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի տարածվի ներդրումային ֆոնդերի վրա՝ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունները գործող բարենպաստ հարկային կարգավորումները։

Իրազեկման թերթիկն՝ այստեղ։