NVB Frontier Forum-ը Երևանում համախմբեց տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և ներդրումային ոլորտների կազմակերպություններին
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ առաջին NVB Frontier Forum-ը՝ փակ ձևաչափով միջազգային համաժողով, որը համախմբեց ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հիմնադիրների և ոլորտային փորձագետների՝ քննարկելու համաշխարհային տեխնոլոգիական և ներդրումային օրակարգի առանցքային ուղղությունները՝ տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։
«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի շրջանակում միջազգային և հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին նոր տեխնոլոգիաների զարգացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքները, դրանց շուկա դուրս գալու հնարավորությունները և այս ոլորտներում ձևավորվող ներդրումային նոր ուղղությունները։

Համաժողովի առանցքային նպատակներից էր նաև միջազգային ներդրումային և տեխնոլոգիական հանրությանը ներկայացնել Հայաստանի ներուժը՝ որպես նորարարական նախագծերի, տեխնոլոգիական զարգացման և ներդրումների համար հեռանկարային ուղղություն։
NVB Frontier Forum-ի ծրագիրը ներառում էր պանելային քննարկումներ, ոլորտային ներկայացումներ և մասնագիտական զրույցներ այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնք այսօր անմիջականորեն ներգրավված են նոր տեխնոլոգիաների մշակման և դրանց առևտրային կիրառման գործընթացներում։
Բանախոսների թվում էր Շիմոն Դվորսկին՝ EOS Space Technology-ի համահիմնադիր և գլխավոր տնօրենը։ Ընկերությունը զարգացնում է նոր սերնդի պլազմային շարժիչ տեխնոլոգիաներ արբանյակների համար՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունն ու շահագործման հնարավորությունները։

Քննարկմանը մասնակցեց նաև Նիք Օրենշտեյնը՝ Manifest Space-ի գլխավոր տնօրենը։ Լոս Անջելեսում հիմնված տեխնոլոգիական ընկերությունը մշակում է տիեզերական երթևեկության վերահսկման և տիեզերանավերի նույնականացման նոր լուծումներ։
Տիեզերական տնտեսությանը նվիրված պանելային քննարկումը վարում էր Կապիտան Ստեֆան Ռեկկին՝ GEN Space-ի գործադիր տնօրենը։ Նրա գործունեության հիմնական ուղղություններից են ձեռնարկատերերի, ներդրողների և պետական կառույցների հետ միջազգային համագործակցությունը, ինչպես նաև տիեզերական ոլորտում նոր բիզնես հնարավորությունների և ձեռնարկատիրական միջավայրի զարգացումը։
Համաժողովի մյուս առանցքային ուղղությունը AI ենթակառուցվածքների զարգացումն էր։

Քննարկումը միավորեց միջազգային տեխնոլոգիական փորձն ու Հայաստանում իրականացվող AI ենթակառուցվածքային նախագծերը՝ անդրադառնալով հաշվողական հզորությունների, GPU ենթակառուցվածքների, ներդրումների և AI-ի կիրառական զարգացման հարցերին։
Քննարկման մասնակիցներից էր Դմիտրի Դուկան՝ NVIDIA-ի Omniverse ուղղության տնօրենը, ով ներկայացրեց իր միջազգային փորձը և անդրադարձավ արհեստական բանականության, սիմուլյացիաների և նոր սերնդի տեխնոլոգիական հարթակների զարգացման միտումներին։
Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը ներկայացնում էին նաև Firebird-ի տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանը և Eleveight AI-ի տեխնիկական տնօրեն Արմեն Ռոստամյանը։

NVB Frontier Forum-ի բոլոր քննարկումների առանցքում ներդրումային բաղադրիչն էր։
Մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե ինչպես են ոլորտները, որոնք նախկինում հիմնականում կապված էին պետական խոշոր ծրագրերի և մեծ ինստիտուցիոնալ խաղացողների հետ, այսօր աստիճանաբար բացվում մասնավոր կապիտալի և վենչուրային ներդրումների համար։
«Տեխնոլոգիական ոլորտում ժամանակը կարևոր է։ Այն, ինչի մասին այսօր խոսում են մի քանի հարյուր մարդ, մի քանի տարի հետո կքննարկի ամբողջ շուկան։ Մեր գործը հենց այդ տարբերությունը կրճատելն է՝ հասկանալ ավելի շուտ, քան այն դառնում է ակնհայտ։ Ֆորումը հենց այդ շուտ հասկանալու հնարավորությունն էր», նշել է New Venture Brokerage-ի տնօրեն Մարիաննա Մովսեսյանը։
Երևանում կազմակերպելով այս միջազգային քննարկումը՝ New Venture Brokerage-ը նպատակ ունի նպաստել Հայաստանի տեխնոլոգիական և ներդրումային էկոհամակարգի կապին միջազգային փորձի ու կապիտալի հետ և ձևավորել մասնագիտական հարթակ՝ նոր սերնդի տեխնոլոգիաների և դրանց շուրջ ստեղծվող ներդրումային հնարավորությունների քննարկման համար։
New Venture Brokerage-ը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը մասնավոր ներդրողներին, բիզնեսներին և ինստիտուցիոնալ հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ մեկ հարթակում համադրելով հանրային և մասնավոր ներդրումային հնարավորություններն ու ֆինանսական ծառայությունները։