ՓՄՁ ձեռնարկությունները պետք է գտնեն իրենց տեղը Հայաստանի շուկայում․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների հիմնական խնդիրը շուկայում իրենց տեղը գտնելն է, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
«Ավելի մեծ խնդիր է գիտելիքների ձևավորումը, հատկապես հաշվի առնելով, որ 21-րդ դարի տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա», - ասաց նա երեքշաբթի լրագրողներին «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի շրջանակում:
Գալստյանը նաև ընդգծեց, որ բանկերի առաքելությունն է տրամադրել ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև բիզնեսը հանել մրցակցային նոր մակարդակ։
«Փոքր և միջին բիզնեսը բանկերի հետ համագործակցության միջոցով պետք է կարողանա լրացնել գիտելիքների բացը, այսինքն՝ բանկերը պետք է տրամադրեն ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ նաև աջակցություն գիտելիքների ոլորտում»,- պարզաբանեց նա։
Այս համատեքստում ԿԲ նախագահը նշեց, որ այսօրվա համաժողովը նշանավորում է մի շարք միջոցառումների մեկնարկ, որոնք կօգնեն գնահատել ֆինանսական կազմակերպությունների և ՓՄՁ սուբյեկտների համագործակցության հաջողությունը, ինչպես նաև բացահայտել այն խնդիրները, որոնք արմատախիլ անելով՝ բանկերը կարող են ավելի ճիշտ ձևակերպել իրենց առաջարկած ֆինանսական պրոդուկտները։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն իր հերթին նշեց, որ ՓՄՁ–ների համար կայուն ֆինանսական ռեսուրսների ապահովումը, կանխատեսելի և հասանելի ֆինանսավորման առկայությունը կարևոր է ոչ միայն բիզնեսի, այլև ֆինանսական հատվածի կազմակերպությունների համար, որոնք պատասխանատու են տնտեսական զարգացման համար։
Պատասխանելով ՀՀ–ում ՓՄՁ ոլորտի զարգացման ճանապարհին առկա հիմնական խնդիրների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ ՀԲՄ նախագահը նշեց արագ փոփոխությունները տնտեսության մեջ։
«Նոր տեխնոլոգիաների զարգացումը, կառավարման նոր հմտությունների ներդրումը բիզնեսից պահանջում է արագ ադապտացում այդ փոփոխություններին, ինչը ձեռնտու է ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար», – ասաց նա։
Ազատյանի խոսքով, այս հարցերին մեծ հետաքրքրություն են դրսևորում միջազգային դոնորական կազմակերպությունները, որոնք ֆինանսական միջոցների տրամադրման համար թիրախային խմբերի թվում հաճախ նշում են տեխնոլոգիական ընկերությունները, իչպես նաև կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնող կազմակերպությունները։
Համաժողովի մասին
«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովը կազմակերպել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բանկերի կողմից սեփական ռեսուրսների և տարբեր միջազգային ծրագրերի օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման ծրագրերը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների հաշվին ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները:
GAF–ը ներկայացրել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող վարկային ծրագրերը։ Ներկայացվեցին նաև «ՓՄՁ–ների հաջողության պատմությունները», կազմակերպվեց նաև պանելային քննարկում «Արտադրողականության աճը և կայուն զարգացումը․ խնդիրներ և հնարավորություններ» թեմայով։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մասնակից, այդ թվում՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, ԿԲ–ի ղեկավար կազմը, առևտրային բանկերի ղեկավարներ, Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությունը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։