Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը պատրաստ է օգնել սիրիահայերին սեփական բիզնեսը բացելու հարցում

21.11.2012, 15:31
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ)  պատրաստ է ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում սեփական բիզնեսը բացել, հայտնեց Ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը պատրաստ է օգնել սիրիահայերին սեփական բիզնեսը բացելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ)  պատրաստ է ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում սեփական բիզնեսը բացել, հայտնեց Ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

«Մեր Կենտրոնի կողմից մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնց սիրիահայերը կարող են մասնակցել»,- Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ չորեքշաբթի կազմակերպված աշխատանք փնտրող սիրիահայերի և գործարարների հանդիպման ժամանակ ասաց նա:

Ըստ Կարապետյանի՝ սիրիահայերը կարող են մասնակցել «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագրին, որի շրջանակներում առաջին փուլում կազմակերպվում են հայկական շուկայի և բիզնես միջավայրի առանձնահատկությունների ուսումնասիրման 1,5-2 ամսական դասընթացներ:

«Երկրորդ փուլում մենք մասնակիցներին տարեկան 10 տոկոսով մինչև 3 մլն դրամի չափով արտոնյալ վարկեր են հատկացնում բիզնես բացելու համար: Եթե 20 հոգի հավաքվի, մենք կարող ենք խումբ ձևավորել և հենց հիմա սկսել»,- նշեց նա:

ՓՄՁԶԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ գոյություն ունի արդեն առկա խոշոր ձեռնարկությունների աջակցման ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպությունը որպես երաշխավոր է հանդիսանում՝ մինչև 15 մլն դրամի չափով վարկը ձևակերպելիս:

ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին՝ կառավարության որոշմամբ: Կենտրոնի կառավարման գլխավոր մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Տարեկան Կենտրոնի կրթական ծառայություններից օգտվում է շուրջ 300 գործարար, իսկ տեղեկատվական բազայից՝ 5 հազար:

Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները նաև աշխատանք փնտրող սիրիահայերին կառավարության կողմից հատկացվող առավելությունները ներկայացրեցին բիզնես բացելու համար։  

Ըստ Սփյուռքի նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ աշխատանքի կարիք ունի Հայաստանում գտնվող շուրջ 3 հազար սիրիահայ, որից շուրջ 160-ն արդեն աշխատանքի է տեղավորվել: -0-