Քննչական գործողություններ են կատարվում ՀԷՑ–ի գլխամասում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այս պահին անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասում։
Տեղեկատվությունը «ԱՌԿԱ»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ», – նշեց Ավդալյանը։
«Առաջին լրատվական»–ն իր հերթին հայտնում է, որ անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, ով գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացման նախագծի օրենսդրական փոփոխությունները։ Փոփոխություններին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 27 պատգամավոր
Օրենսդրական նախագծի մասին
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում էր «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնք նախատեսում են ՀՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկական ոլորտի օպերատորների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն վերաբերող հարցեր։
Առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգը։
ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կապված իրավիճակի մասին
Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ինքը միշտ եղել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։
«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– նշել է Կարապետյանը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը ազգայնացնելու մտադրության մասին՝ պնդելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։