Եվրոպական անշարժ գույքը կարող է մեկուկես տարվա ընթացքում էժանանալ 15%–ով
13.09.2012,
18:13
Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում անշարժ գույքը կէժանանա, քանի որ առաջարկը եռակի կգերազանցի պահանջարկը։ Բացառություն կլինի միայն հավելավճարի հատվածը, որը կշարունակի թանկանալ։ Անշարժ գույքի հիմնական վաճառողներն են լինելու կառավարություններն ու բանկերը` առաջինները կյանքի կկոչեն կոշտ տնտեսման քայլերը, երկրորդները ֆինանսները կհամապատասխանեցնեն կարգավորիչների պահանջներին, գրում է РБК daily–ն։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում անշարժ գույքը կէժանանա, քանի որ առաջարկը եռակի կգերազանցի պահանջարկը։ Բացառություն կլինի միայն հավելավճարի հատվածը, որը կշարունակի թանկանալ։ Անշարժ գույքի հիմնական վաճառողներն են լինելու կառավարություններն ու բանկերը` առաջինները կյանքի կկոչեն կոշտ տնտեսման քայլերը, երկրորդները ֆինանսները կհամապատասխանեցնեն կարգավորիչների պահանջներին, գրում է РБК daily–ն։
Անշարժ գույքի եվրոպական շուկայում առաջարկի ավելցուկը կնպաստի դրա էժանացմանը։ Առաջիկա հինգ տարներին Եվրոպայում այդ շուկայում վաճառքի կհանվեն 413 մլրդ եվրոյի ակտիվներ` տարեկան միջինը 83 մլրդ–ական եվրո, գրում է The Wall Street Journal–ը` հղում անելով JP Morgan Chase–ի հետազոտությանը։ Դա այդքան էլ շատ չէ 2006 թվականի ռեկորդի համեմատ, երբ վաճառվել էր 231 մլրդ եվրոյի անշարժ գույք։ Եվ նույնիսկ ավելի քիչ, քան նախորդ տարի, երբ վաճառքի էին դրվել 119 մլրդ եվրոյի ակտիվներ։ Սակայն ներկայում ներդրողների ակտիվությունը նվազագույն է` հինգ տարվա ընթացքում նրանք կգնեն ընդամենը 126 մլրդ եվրոյի անշարժ գույք։
«Ներդրողների ներկայիս ռազմավարությունը կարելի է բնութագրել այսպես. «Ես չգիտեմ, թե ինչ կլինի Եվրոպայի հետ, այդ պատճառով ավելի լավ է սպասել ձեռք բերումների հարցում, մինչև իրավիճակը պարզվի»։ Այդպես արդեն եղել է Lehman Brothers–ի սնանկացումից հետո, երբ ներդրողների ակտիվությունը մի քանի ամսով սառեցվել էր»,– РБК daily–ին է ասել Capital Economics–ի վերլուծաբան Էդ Սթենսֆիլդը։
JP Morgan–ի կարծիքով, շուկայի գլխավոր վաճառողներն են դառնալու կառավարություններն ու բանկերը։ Բյուջեի պակասուրդը նվազեցնելու համար իշխանություններն առաջիկա հինգ տարիներին կվաճառեն 117 մլրդ եվրոյի անշարժ գույք։ Միաժամանակ, վաճառվող պետսեփականության որակն այնքան էլ բարձր չէ. հաճախ խոսքը պատմական կամ մաշված շենքերի մասին է, որոնք շտապ թանկարժեք նորոգում են պահանջում։
Բանկերը, որոնք ստիպված են կապիտալ ավելացնել, կրճատելով իրենց պորտֆելների ռիկսային ակտիվները, կազատվեն 231 միլիարդ եվրոյի անշարժ գույքից։ Նախորդ տարի անշարժ գույքի հատվածից դուրս գալու իր որոշման մասին հայտարարել են ֆրանսիական Societe Generale–ն և գերմանական Eurohypo–ն։
Վաճառքների ամենամեծ մասը բաժին կընկնի ամենալիկվիդային շուկաներին` Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Միաժամանակ, ներկայում Փարիզը ներդրողների համար ավելի գրավիչ է, քան Լոնդոնը, որն ավելի ցիկլիկ է և կախված է ֆինանսական շուկաների իրավիճակից։ --0--