ԿԶԵՀ ակնարկ․ Հայաստանի տնտեսական աճը զգալիորեն դանդաղել է, 2025–2027թթ․–ի կանխատեսումը 5% է
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) նշել է Հայաստանի տնտեսության աճի զգալի դանդաղում «կոնյուկտուրային գործոնների» ներդրման նվազման ֆոնին, ինչպիսիք են վերաարտահանման ծավալները և Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքը։
«Չնայած երկրի տնտեսությունը դուրս է եկել գնանկումից, գների աճը մնում է ցածր, 2024 թվականի վերջին գնաճի ցուցանիշը կազմել է 1,5%, ինչը զգալիորեն ցածր է Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից (4,0 ± 1,5%)։ Ծառայությունների բալանսի վատթարացումը հանգեցրել է ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտի աճին։ Դրամ փոխարժեքը դեռ գերարժևորված է», - ասվում է «Ձմեռ 2024–2025» ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական ակնարկում։
Համաձայն ԿԶԵՀ ելակետային սցենարի, 2025–2027 թվականներին տնտեսական աճի տեմպերը կկայունանան պոտենցիալի շուրջ՝ մոտ 5%։ «Ակնկալվում է, որ դրամավարկային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գնաճը թիրախային ցուցանիշին վերադարձնելուն, իսկ բյուջեի դեֆիցիտը կընդլայնվի ծախսերի զգալի աճի ֆոնին, դա կպահանջի ներգրավել ֆինանսավորման նոր աղբյուրներ», - նշում են հիմնադրամի վերլուծաբանները։
Ակնարկում նշվում է, որ առանցքային ռիսկերը կապված են արտաքին ցնցումների հետ (թանկարժեք մետաղների առևտրի ծավալների ավելի արագ անկում, զբոսաշրջային հոսքերի կրճատում), ինչը կարող է հանգեցնել կարճաժամկետ ռեցեսիայի և բյուջետային կայունության և վճարային հաշվեկշռի ռիսկերի ձևավորման:
«Լրացուցիչ ֆիսկալ ռիսկերը կապված են Լեռնային Ղարաբաղի փախստականներին աջակցելու սոցիալական պարտավորությունների կատարման հետ», - նշում է ԿԶԵՀ–ը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2025 թվականի պետական բյուջեով տնտեսական աճը նախատեսված է 5,1 տոկոսի չափով։ Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում, 2026 թվականին՝ 4,7-7 տոկոս, 2027 թվականին՝ 5-6,2 տոկոս:
ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,5%, ՀԲ–ն՝ 5%, ԱՄՀ–ն՝ 4,9%, ՎԶԵԲ–ը՝ 4,8%, ԱԶԲ–ն՝ 6%։ Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,9%, իսկ S&P-ի կանխատեսվմամբ՝ մոտ 5,5%։
Հիմնադրամի մասին
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: ԿԶԵՀ–ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: