ՎԶԵԲ-ը մտադիր է 44 մլն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ իրականացնել փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է շուտով հայտարարել և մի քանի գործընկեր բանկերի միջոցով իրականացնել 44 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթ փախստականների համար, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Փախստականներին արձագանքման մեր ծրագրի իրականացման իմաստով: Փախստականների համար մշակվել և իրականացվել են հմտությունների բարձրացման և վերապատրաստման բազմաթիվ նախաձեռնություններ՝ նրանց տնտեսական ինտեգրումը հեշտացնելու համար»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։
Նշելով, որ կարևոր ծրագիր է Սյունիքում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը՝ ուղղված առևտրի պայմանների բարելավմանը և հայաստանյան բիզնեսի համար արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը, Ֆալչետտին ասել է, որ այդ ծրագիրն ունի «փափուկ» բաղադրիչ, որը նպաստում է փախստականների ինտեգրմանը Հայաստանի աշխատաշուկային։
«Ավելին, կենտրոնը կառուցվելու է էներգաարդյունավետության միջազգային չափանիշներին համապատասխան և լինելու է երկրի առաջին հասարակական շենքերից մեկը, որը կհամապատասխանի կանաչ շենքերի չափանիշներին»,-ասել է նա։
Սյունիքում այս կենտրոնի կառուցման համար ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF) ծրագրի համաֆինանսավորման համար։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթությունները ներառում են ընկերությունների մրցունակության բարելավումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման արտադրանքների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում 207 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։