ՎԶԵԲ․ ՀՀ կառավարության կողմից ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ սեփական արդյունավետությունը բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարության կողմից ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ կարգավորման որակը բարելավելու, ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար, հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։
«Բարձր ենք գնահատում մակրոտնտեսական կառավարումը և իշխանությունների պրոֆեսիոնալիզմը՝ ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելու գործում: Դրանք տնտեսական կայունության ապահովման ամուր հենասյունն են հանդիսանում։ Կառավարությունը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի նվազեցման, թափանցիկության բարելավման և հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման ուղղությամբ: Այս բարեփոխումները պետք է շարունակվեն», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նշելով, որ ցածր ածխածնային տնտեսությունը և թվայնացումը ՎԶԵԲ-ի շարունակական ռազմավարական աշխատանքի առանցքային ոլորտներն են հանդիսանում բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ–ը, այդ թվում նաև Հայաստանում՝ Ֆալչետտին պարզաբանեց, որ Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացումը կարող է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և բարելավել կառավարումն ընդհանրապես։
«Կանաչ օրակարգը կարող է բարելավել երկրի էներգետիկ կայունությունը՝ հաշվի առնելով բարենպաստ բնական պայմանները: Պատրաստ ենք աջակցել արևային էներգիայի ոլորտում ներդրումներին, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների արդիականացմանը և հարևան երկրների հետ նոր կապակցման ուղիների կառուցմանը։ Սա կարող է ուժեղացնել էներգետիկ դիմակայությունը՝ միաժամանակ արագացնելով տնտեսական աճը», – հայտարարեց նա։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը 220 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,4 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և ֆինանսները։
Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։