15 կազմակերպություններ նամակ են հղել Փաշինյանին և հրավիրել նախարարներին քննարկելու հարկային փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 15 հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղվել է նամակ՝ պահանջով գալ կառուցողական երկխոսության դաշտ, բարձրաստիճան քաղաքական որոշում կայացնողների մասնակցությամբ, սկսել աշխատանքային խորը քննարկումներ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների հետ։
Նամակում նշվում է, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը: Այս և սրան նախորդող, արդեն ընդունված, հարկային օրենսդրության փոփոխութունները ուղղորդվում են այնպիսի հիմնավորումներով, որտեղ ներկայացվում են միայն բյուջեի հնարավոր եկամուտների ավելացման հնարավորությունները, առանց խորը ուսումնասիրությունների և կառավարության սահմանված կարգով ոչ պարզ և ոչ էլ բարդ ընթացակարգով կարգավորման ազդեցության գնահատականների (ԿԱԳ)։ Սա այն դեպքում, երբ հիշյալ փոփոխությունների շահառուները տասնյակ հազարից ավել տնտեսվարողներ են։
Նամակում նաև նշվում է, որ լսումների ավարտին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով ներկայացված նախագծի շուրջ բարձրացված հարցերը, մտահոգությունները և հնարավոր խնդիրների լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը, խոստացան ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և միավորումների նախընտրելի վայրում և ձևաչափով կազմակերպել առանձին աշխատանքային քննարկումներ:
«Քանի որ մեկ բաց նամակով հնարավոր չէ մանրակրկիտ և ոլորտներով ներկայացնելու բոլոր հակափաստարկները վերոհիշյալ նախագծի վատ հետևանքների մասին և ելնելով հարցի կարևորությունից, տեղեկացնում ենք, որ այդ նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին կազմակերպում ենք աշխատանքային քննարկում կառուցողական և փորձագիտական ձևաչափով՝ միայն մասնագիտական փաստարկների հիման վրա քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը և գտնելու ՀՀ և ՓՄՁ լավագույն շահերն արտահայտող համաձայնեցված լուծումներ», – նշվում է նամակում։
«Ակնկալում ենք, Ձեր հանձնարարականը ՀՀ փոխվարչապետին, ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին և առաջարկը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին, վերոհիշյալ հանդիպմանը մասնակցության համար», – նշվում է նամակում։
Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում լսումներ են տեղի ունեցել Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են մասնագիտական գործունեության առանձին ոլորտների հարկային ռեժիմի փոփոխություն՝ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի համակարգին անցնելու միջոցով։ Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը փոփոխությունների նպատակներից է համարել հարկային արդարության հասնելը։ Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում բյուջե լրացուցիչ կմուտքագրվի մոտ 13 մլրդ դրամ։ Փորձագիտական հանրության և բիզնեսի ներկայացուցիչները եկել են հստակ եզրակացության՝ այս փոփոխությունները կհանգեցնեն մատուցվող ծառայությունների արժեքի մինչև 40%-անոց բարձրացման, և այդ բեռը ուղղակիորեն ընկնելու է քաղաքացիների ուսերին։