2015 թվականի ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես ներկայացվել է խորհրդարան
05.12.2014,
14:43
«ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը պաշտոնապես ներկայացվել է ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը պաշտոնապես ներկայացվել է ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը նշել է, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը որպես հիմք ընդունել է ԼՂՀ Նախագահի նախընտրական և գործադիր մարմնի 2012-2017թթ. գործունեության ծրագրերի դրույթները՝ հաշվի առնելով նաև ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները:
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով կառավարությունն առաջարկում է հաստատել ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն. եկամուտների գծով՝ 83,246.3մլն դրամ, ծախսերի գծով՝ 88,127.6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին:
Ամփոփելով համատեղ նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկող քննարկումները տարբեր ձևաչափերով և փուլերով շարունակվելու են մինչեւ լիագումար նիստը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի: –0–