2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
Նախարարը, խոսելով արտահանման տեմպերի մասին, նշեց, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը աճել է 32,4%, իսկ դեպի ԵՄ՝ 32,6%:
«Հիմնական նպատակն է արտահանելի տնտեսություն ունենալը, և հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս», – նշեց Կարայանը։
Նրա խոսքով, նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով կամ 21.7 %-ով: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:
«Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունն ամբողջությամբ արդարացվել է, և մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականը իրականացել է», – հայտարարեց նախարարը։
Սուրեն Կարայանն անդրադարձավ նաև տնտեսական ակտիվության ցուցանիշին` նշելով, որ այն կազմել է 5,5 2017 թ.–ի հունվար- օգոստոս ժամանակահատվածում։
«Հիմնականում աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում գրանցված երկնիշ աճերը», – նշեց նախարարը։–0–