2021 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է է 659 471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց, որ 2021 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է է 659 471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում:
Նրա խոսքով՝ Հայաստանում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թ.-ի դեկտեմբերին:
«Հարկ եմ համարում նշել, որ 2020 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 2021 թ.-ին աշխատատեղերը ավելի են 37 629-ով, 2019 թ.-ի համեմատ՝ 30 758-ով, և 2018 թ.-ի համեմատ՝ 70 977-ով», - ասաց վարչապետը:
Փաշինյանը վտահեցրեց, որ այստեղ որևէ սխալ ինֆորմացիա չկա, նույնիսկ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին անուն-ազգանունով կարող են նույնականացնել:
«Էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը: 2021 թ.-ի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թ.-ի համեմատ ավել է 30 000 դրամով կամ 12 %-ով, 2019 թ.-ի համեմատ ավել է 43 000 դրամով կամ 18 %-ով, և 2018 թ-ի համեմատ ավել է 54 000 դրամով կամ 24.6 %-ով»,-մանրամասնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2021 թ.-ի ընթացքում Հայաստանում աշխատող քաղաքացիներին վճարվել է ավելի քան 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թ.-ի համեմատ ավել է 15.7 մլրդ դամով կամ 13 %-ով:
«Ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 %-ով, խոսքը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների մասին է: Անգամ համավարակի ու պատերազմի ցնցումների պայմաններում ամսական միջին աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտ 55 000 դրամի չափով», - նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ չնայած այս թվային փոփոխություններին, դեռ չի նշանակում, թե բարելավվել է քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021 թ.-ի ընթացքում էական գնաճ է եղել, որը կազմել է մոտ 7.7 %:
Նա նաև հավելեց, որ եթե իրենց հաջողվի ապահովել 7% տնտեսական աճ, ապա բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կլինի: Վարչապետի դիտարկմամբ՝ 2021 թ.-ի նախնական արդյունքներով՝ 5.8 % տնտեսական աճ է արձանագրվել, որը ավելին էր, քան ի սկզբանե պլանավորվում էր:-0-