Ֆինանսների նախարարությունը հանրային գնումների հարցով նոր հայեցակարգ է մշակում․ համակարգում սպասվում են բարելավումներ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2019 թ.-ին հանրային գնումների գործընթացում փոքր և միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կազմել է 68.5 %, իսկ 2020 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 63%:
Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը՝ ներկայացնելով փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավվածությունը հանրային գնումների գործընթացում:
Նրա խոսքով՝ այս ցուցանիշները ներկայացված են ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կատարած ուսումնասիրությունում:
Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ 2020 թ.-ի ցուցանիշի նվազման հիմնական պատճառները համավարակն ու պատերազմն են եղել:
«Դրամային արտահայտությամբ կնքված պայմանագրերն էլ, որոնք որ հանրային հատվածի կազմակերպությունները փոքր և միջին բիզնեսի հետ կնքել են 2019 թ.-ին կազմել է շուրջ 36.8 %, իսկ 2020 թ.-ին՝ շուրջ 34 %: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվել են, և իմ գնահատմամբ, դրանք բավական բարձր ցուցանիշներ են»,-ասաց Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ թեպետ 2020 թ.-ի հանրային գնումներում ՓՄՁ-ների մասնակցության նվազում կա, սակայն մասնագետի դիտարկմամբ ցուցանիշները համարվում են բարձր:
«2021 թ.-ի ապրիլին կառավարության կողմից մինչ այդ սահմանված խստացումներն էականորեն թուլացվեցին փոքր և միջին բիզնեսի համար: Նախկինում եթե գնման առարկայի գինը գերազանցում էր 10 մլն դրամը, ներկայացնում էին գնի 100 %-ի չափով որակավորման ապահովումներ, ապա 2021 թ.-ի կարգավորումներով այդ շեմը 10 մլն-ից բարձրացվեց մինչև 25 մլն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ մինչ 25 մլն դրամի պարագայում բավական լիբերալ վիճակ է ստեղծված»,-ասաց Շահնազարյանը:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ 2022 թ.-ին, երբ կամփոփվեն 2021 թ.-ի տվյալները, հանրային գնումների գործընթացում փոքր և միջին բիզնեսի մասնակցության ցուցանիշը կլինի 2019 թ.-ի տվյալների նման:
«Հատկապես, որ 2021 թ.-ին համավարակի հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել, և բոլորն ունեցել են աշխատելու ռեալ հնարավորություն: Ընդհանուր առմամբ, հանրային գնումների գործընթացում փոքր ու միջին բիզնեսի մասնակցության տեսակետից բավական լավ վիճակ է: ԵՄ երկրների ցուցանիշների համեմատ, առաջին հայացքից Հայաստանը 18 երկրից հետ է, բայց 10 երկրից էլ առաջ է»,-ասաց Շահնազարյանը:
Որպես ոլորտի խնդիր, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մատնանշեց հանրային գնումների հետ կապված տեղեկատվության հասանելիության սահմանափակումը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, տեղեկատվությունը բաց է ու թափանցիկ, այն առկա է համակարգում, սակայն այստեղ պետք է փոքր ու միջին ձեռնարկությունների հետ աշխատանք տանել այդ տեղեկատվության հայթայթման կամ ավտոմատ եղանակով ստանալու հնարավորություններին լավ ծանոթացնելու համար:
«Ներկայում մշակվում է հայեցակարգի նախագիծ գնումների համակարգերում բարելավում իրականացնելու համար: Հայեցակարգի մի բաղադրիչն ուղղված է և՛ հանրային հատվածումների գնումների մասնագետների, և՛ բիզնեսի կարողությունների զարգացմանը: Այստեղ ես մի բաղադրիչի մասին նշեցի, բայց հայեցակարգը գնումների համակարգի բարելավման տարբեր ուղղություններին է վերաբերում»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ համակարգի բարելավման աշխատանքները շարունակական բնույթ են կրում:
Շահնազարյանը հավելեց նաև, որ նախարարությունն ախտորոշել է համակարգը, առկա են խնդիրներ, որոնք վերաբերում են ընթացակարգերի կազմակերպմանը, ճկունության ապահովմանը, ժամկետների կրճատմանը և այլն:-0-