Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ փոխվարչապետը հերքեց ռուսական գազի գնի 30%–ով թանկացումը, բանակցությունները շարունակվում են

30.09.2019, 14:54
Հայկական ԶԼՄ–ներում տարածված տվյալների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները մինչ տարեվերջ մտադիր են 30%–ով ավելացնել գազի գինը Հայաստանի համար։
ՀՀ փոխվարչապետը հերքեց ռուսական գազի գնի 30%–ով թանկացումը, բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, երկուշաբթի «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում, հերքեց ռուսական գազի գնի 30%–անոց բարձրացման մասին խոսակցությունները։

Հայկական ԶԼՄ–ներում տարածված տվյալների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները մինչ տարեվերջ մտադիր են 30%–ով ավելացնել գազի գինը Հայաստանի համար, սակայն ամեն ինչ կախված կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից։

«Գազի գնի 30%–ով բարձրացման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ես դեռ չեմ կարող պատասխանել գազի գների բարձրացման մասին հարցին։ Հուսով եմ, որ` ոչ», – ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սպասվում է, որ դրանք կավարտվեն մինչև տարեվերջ։

ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն իր հերթին հայ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ գազի շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Մեր էներգետիկայի նախարարությունը փոխգործակցում է Հայաստանի հետ, և հարցը կքննարկվի համապատասխան գերատեսչությունների մակարդակում։ Չեմ ուզում առաջ ընկնել որոշումից, դեռևս ընթանում են բանակցություններ, և հարկավոր է սպասել արդյունքներին», – ասաց Սիլուանովը։–0–