ՀՀ-ում հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը կիսով չափ նվազել է ոչ առևտրային ծառայությունների աճի տեմպի դանդաղման պատճառով. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8 տոկոսի` մայիսի 13.6 տոկոսի համեմատ, նշվում է Համաշխարհային բանկի կողմից թողարկված «Armenia monthly economic update – august 2023» ամփոփագրում:
Ինչպես նշել են ՀԲ-ի վերլուծաբանները, սա հիմնականում պայմանավորված էր ոչ առևտրային ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ, որը մայիսի 12.3 տոկոսի համեմատ հասել է 4 տոկոսի` հունիսին (ՆՏՆԺՀ). Դա պայմանավորված էր բարձր բազայի ազդեցությամբ (2022 թ. հունիսին աճը եղել է 36 տոկոս):
Արդյունաբերական թողարկման ծավալների կրճատումը դանդաղման պատճառներից մեկն է` պայմանավորված հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի թողարկման ծավալների 15.6 տոկոս նվազմամբ:
Նշվում է նաև, որ շինարարության և առևտրի ոլորտը շարունակել է կայուն աճել` համապատասխանաբար 18 և 20 տոկոսով:
«2023 թ.-ին հանրագումարային աճը հասավ 11.4 տոկոսի, աճի տեմպն ամենաբարձրն է եղել առևտրի ոլորտում (23.6 տոկոս), իսկ ամենացածրը` արդյունաբերության (1 տոկոս)», - նշվում է ուսումնասիրության մեջ:
ՀԲ-ից նաև նշել են, որ 2023 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 2 տոկոս աճ, ինչը պայմանավորված է այգեգործության ոլորտի վերականգնմամբ, իսկ անասնապահության և ձկնաբուծության ծավալները կրճատվել են:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետական բյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրվել է 4 տոկոս (± 1,5%)։ 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0.5% գնանկում, իսկ այս տարվա մայիսի համեմատ գների անկումը կազմել է 1.4%։
ԿԲ հունիսյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս թիրախային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԶԲ-ն ակնկալում է Հայաստանի տնտեսության 7,5%-անոց աճ, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 5%, ԱՄՀ-ն՝ 5,5%։-0-