ՀՀ–ում ստեղծվում է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող պետական միասնական ընկերություն, ռուսական «ԱԼՌՈՍԱ»–ի հետ քննարկվել են համագործակցության հարցեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվա քաղաքում։
Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ Միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և նույն ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հարցեր։
«Նարեկ Տերյանը ներկայացրել է նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերությունը և պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։
Ռուս գործընկերները ներկայացված մեխանիզմին ծանոթանալուց հետո պատրաստակամություն հայտնել սկսել համագործակցությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում կազմել երկուստեք գործողությունների ճանապարհային քարտեզը՝ համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախորդ տարվա դեկտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունում, ոսկերչական և ալմաստի արդյունահանման ոլորտներում գործող տեղական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները` «ԱԼՌՈՍԱ»–ի ներգրավմամբ։
Առաջարկվել է ստեղծել կառավարության և արտադրական ընկերությունների բաժնետիրական մասնաբաժնային մասնակցությամբ ընկերություն, որը հանդես է կգա որպես խոշոր գնորդ և կկարողանա «ԱԼՌՈՍԱ»–ից ձեռք բերել հայկական ընկերությունների համար անհրաժեշտ հումքի միանգամից ամբողջ խմբաքանակը։–0–