Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի 36%–ով բարձրացման մասին հայտարարությունները մանիպուլյացիաներ են. ՀԾԿՀ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի 36%–ով բարձրացման մասին հայտարարությունները մանիպուլյացիաներ են, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (ՀԾԿՀ) Գարեգին Բաղրամյանը «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ապրիլի 1–ին դիմել է ՀԾԿՀ հայ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը վերանայելու հայցով։
««Գազպրոմ Արմենիա»–ի ներկայացրած հայտում նախատեսված է ներդնել միասնական սակագին սպառողների 5 կատեգորիաների համար, և հայտարարությունն այն մասին, թե ընկերությունն ընդհանուր առմամբ կբարձրացնի սակագինը 36%–ով Հայաստանի բոլոր սպառողների համար, ոչ այլ ինչ է, քան գնային մանիպուլյացիա», – ասել է Բաղրամյանը։
Նա նշել է, որ օրինակ հայտում նախատեսվում է սակագնի 36%–ոց բարձրացում սոցիալապես անապահով քաղաքացիների համար, սակայն միաժամանակ նախատեսվում է նվազեցնել սակագինն ավելի խոշոր կատեգորիայի` մնացած բնակչության համար։
Նրա խոսքով, հայտի տրամաբանությունն այսպիսին է. 5 տարբեր սակագների փոխարեն ձևավորել միասնական ընդհանուր սակագին բոլոր կատեգորիաների համար, և հետևաբար պետք է համեմատել բոլոր 5 խմբերի միջին ցուցանիշի հետ։
«Ընկերությունը ներկայացրել է միասնական սակագին, սակայն հայտի ուսումնասիրության արդյունքում, երբ մենք կձևավորենք հիմնավոր և մեզ համար ընդունելի միջին գին, այն կբաժանվի խմբերի միջև, այդ թվում` հաշվի առնելով պետության առաջնահերթությունները», – ասել է Բաղրամյանը։
Նա ընդգծել է, որ այս պահին գազի գինը բոլոր 5 խմբերի համար կազմում է միջինը 255 դոլար հազար խմ–ի համար, միաժամանակ ջերմոցներն ու վերամշակող ձեռնարկությունները վճարում են 212–ական դոլար, ինչը ցածր է միջին ցուցանիշից, քանի որ դրանք կառավարության առաջնահերթ ուղղություններն են։
Սոցիալապես անապահով քաղաքացիների համար սակագինը կազմում է 200 դոլար հազար խմ–ի համար, մի շարք սպառողների համար` 280 դոլար, խոշոր ընկերությունների համար` 240 դոլար։ Փաստորեն, միջինից բարձր սակագին ունի սպառողների միայն մեկ խումբ։
«Այն բանից հետո, երբ ՀԾԿՀ–ն կորոշի առավել օպտիմալ և հիմնավոր սակագին, 5 խմբերի համար սակագնի բարձրացման հարաբերակցությունը կորոշվի կառավարության հետ համատեղ, տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններով` ջերմոցներ, ագրոհատված, սոցիալական խավեր, որոնք կկարողանան ստանալ ավելի ցածր սակագին», – ասաց Բաղրամյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս պահին վաղ է խոսել սակագնի փոխհատուցման հնարավորության մասին սոցիալապես անապահով շերտերի համար, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ ցուցանիշների մասին է լինելու խոսքը և որ սակագները ՀԾԿՀ–ն կհամարի հիմնավոր։
«Ամեն դեպքում մենք հակված ենք պահպանել սպառողների 5 խմբերը, ինչպես նաև սակագնի տարբերությունը սովորական և սոցիալապես անապահով քաղաքացիների համար»,– ասել է Բաղրամյանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հրապարակած հայտի համաձայն, ընկերությունն առաջարկում է դյուրացնել գործող արտոնյալ սակագինը բնակչության սոցիալական շերտերի համար`բարձրացնելով այն, իսկ մնացած սպառողների համար, հակառակը, նվազեցնել` դարձնելով այն միասնական ցուցանիշ։
«Գազպրոմ» ռուսական հոլդինգը 2020թ.–ի հունվարի 1–ին առաջիկա տարվա համար պահպանել է գազի գինը սահմանին` հազար խմ–ի համար 165 դոլարի չափով։–0–