Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ներդրումային հեռանկարները 2024թ․–ին

22.12.2023, 14:57
Առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի ֆոնդային շուկան կընդլայնվի ինչպես թողարկողների թվով, այնպես էլ առևտրի ծավալներով։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը
Հայաստանի ներդրումային հեռանկարները 2024թ․–ին
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա մի քանի տարիներին Հայաստանի ֆոնդային շուկան կընդլայնվի ինչպես թողարկողների թվով, այնպես էլ առևտրի ծավալներով։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

2022 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը հավանություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայկական ֆոնդային բորսայի 65% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին։ Հայաստանի ֆոնդային բորսայում ներկայացված են կորպորատիվ պարտատոմսերի 18 թողարկող (97 պարտատոմսերի թողարկում՝ մոտ մեկուկես տարի միջին ժամկետով), բաժնետոմսերի 11 թողարկող, ինչպես նաև պետական պարտատոմսերի թողարկումներ։

Հովակիմյանի խոսքով, մի քանի գործոններ կնպաստեն առևտրի ծավալների աճին և նոր հաճախորդների ներհոսքին Հայաստանի ֆոնդային բորսա։ Այսպես, Հայկական ֆոնդային բորսան (AMX) մեկից երկու տարվա ընթացքում Վարշավայի ֆոնդային բորսայի (WFA) հետ կսկսի խաչաձև ցուցակում, ինչը թույլ կտա ավելացնել հասանելի ներդրումային գործիքների թիվը:

«Այս պահին Հայաստանն ավելի գրավիչ է թվում միջազգային ներդրումների համար հարմար իրավասության տեսանկյունից։ Վերջերս Movchan’s Group-ը Հայաստանում գրանցեց ֆոնդերի ընտանիք՝ Aragats հարթակը, որտեղ փոքր սահմանափակումներով գործում են Movchan’s Group–ում աշխատող ռազմավարությունները՝ ARGO, GEIST, LAIF», – նշեց Freedom Broker Armenia–ի գլխավոր տնօրենը։

Խոսելով այն մասին, թե ինչու է Հայաստանը հարմար որպես իրավասություն, որտեղ հնարավոր է ստեղծել ֆոնդային ընտանիք, խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանը թվարկել է մի քանի գործոն, մասնավորապես, այն, որ Հայաստանում, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, օրենսդրությունը նման է զարգացած իրավասությունների օրենսդրությանը, ինչպես նաև այն, որ հայաստանյան կարգավորիչը լավ է հասկանում ֆոնդի կառուցվածքը, թափանցիկ է, հուսալի, նրա հետ հեշտ է հաղորդակցվել:

«Ավանդական պարտքային գործիքների հետ մեկտեղ կզարգանա նաև բաժնետիրական կապիտալի շուկան։ Դրան կնպաստեն ինչպես առևտրային ձեռնարկությունների ֆինանսական խթանները, այնպես էլ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը: Այդուհանդերձ, բորսան զգալի անելիքներ ունի՝ հարթակ ներդրողներին ներգրավելու, ինչպես նաև ֆինանսական գործիքների իրացվելիությունն ապահովելու համար»,- ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով, զարգացման պահանջված ևս մեկ ոլորտ կլինի կենտրոնացված արտարժութային հարթակի և դրա հետ կապված դերիվատիվ շուկայի ստեղծումը։

Հովակիմյանը նշեց, որ շատ արտահանող-ներմուծող ընկերություններ այժմ դժգոհություն են հայտնում, որ չկան արժութային ռիսկերի հեջավորման նորմալ գործիքներ և արժութային ռիսկերի համարժեք պլանավորում։–0–