Հայաստանում գազի գինը չի բարձրանալու մինչև 2020թ.–ի ապրիլի 1–ը. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գազի գինը չի բարձրանալու մինչև 2020թ.–ի ապրիլի 1–ը, այսօր լրոգրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանալու մինչև 2020թ–ի գարուն։ Նա հավելել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում որոշվել է սահմանել այնպիսի սակագին, որը չի հարվածի Հայաստանի տնտեսությանը։
«Մինչև ապրիլի 1–ը Հայաստանում գազի գնի բարձրացում չի լինելու։ Ինչ կլինի հետո` ես դեռևս տեղեկություն չունեմ, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են և մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի գնային տատանումներ չլինեն, որը կարող է լրացուցիչ բեռ դառնալ ինչպես սովորական սպառողների, այնպես էլ արտադրության ոլորտի համար»,– ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը հերքեց ենթադրությունն այն մասին, որ ելնելով նման հայտարարությունից` կարելի է ասել, որ Հայաստանում գազը կթանկանա ապրիլի 1–ից ։ Նա նաև պարզաբանեց, որ խոսքը վերջնական սպառողի համար սակագնի պահպանման մասին է։
Միաժամանակ Գրիգորյանը հաստատեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում նաև այլ երկրների հետ (Իրան, Թուրքմենստան, խմբգր.) սպառողների համար գազի գնման հնարավորության շուրջ։
«Մենք պետք է գնահատենք և հաշվի առնենք բոլոր հնարավորությունները, այդ թվում` նաև այլ երկրների հետ»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ այս հարցում շատ բան կախված է ենթակառուցվածքներից և քննարկվող ծավալներից։
Մասնավորապես, վերջինս նշեց, որ Իրանի հետ գործարքը բարտերային է` գազ` էլեկտրաէներգիայի դիմաց (Իրան–Հայաստան գազատարի միջոցով, խմբգր.), իսկ դրա համար անհրաժեշտ են որոշակի տեսխնիկական պայմաններ և համապատասխան ենթակառուցվածքներ։
Նշենք, որ Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։ Բարձրացումը փոխհատուցել պարտավորվեց «Գազպրոմ Արմենիան» ներքին օպտիմալացման հաշվին։–0–